Հայտարարությունները՝ Հայաստանին, զենքը՝ Ադրբեջանին.ԻՔՄ


Հայտարարությունները՝ Հայաստանին, զենքը՝ Ադրբեջանին.ԻՔՄ

  • 26-01-2017 16:49:11   | Հայաստան  |  Քաղաքական

Ղարաբաղյան հարցի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա զարգացումները ցույց են տալիս, որ չնայած որոշ հարցերի շուրջ անհամաձայնությանը, Մոսկվան ու Բաքուն շարունակում են առավել խորքային և իրական համագործակցությունը։
 
Մասնավորապես, հունվար ամսվա զարգացումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն շարունակում են համագործակցությունը սպառազինությունների մատակարարման հարցում ՝ այդ ընթացքում շրջանցելով առաջացող անհարթություններն ու դժվարությունները։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջին ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված միջադեպը և առհասարակ ղարաբաղյան կարգավորումը՝ արել էր մի շարք հայտարարություններ, որոնք, թվում է թե, առաջացրել էին Բաքվի անհանգստանությունը և խոստանում էին լարվածություն առաջացնել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում։ Մասնավորապես, Լավրովն անդրադարձել էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին՝ կապված շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների և ԵԱՀԿ առաքելությունն ընդլայնելու հետ, ինչպես նաև հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունն աբստրակտ չէ և չի հանդիսանում զուտ Ադրբեջանի ներքին հարցը։ 
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների թվացյալ լարվածության մասին կարող էր վկայել նաև այն, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական ԶՈՒ սանձազերծած դիվերսիոն հարձակումից հետո ՀԱՊԿ-ը հանդես եկավ անսովոր օպերատիվությամբ և կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի շուրթերով դատապարտեց տեղի ունեցածը և օգտագործեց Բաքվի համար ցավալի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրը։
Այս ամենից, բնականաբար, տպավորություն էր ստեղծվում, թե Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ կիրառում է «մտրակ»՝ հանդես գալով հայկական շահերի օգտին։ Այնինչ՝ գրեթե նույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Ռուսաստանի հետ սպառազինությունների հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ։
Ալիևի այս հայտարարությունը, ինչպես նաև դրանից մեկ օր անց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա (ռուսական կողմի հրավերով) ցույց տվեցին, որ վերոնշյալ «մտրակը» իրականում կարող է լինել զուտ ցուցադրական գործողություն։ Հայտնի է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում և՛ իշխանական, և՛ հասարական շրջանակներում խիստ բացասաբար է ընկալվում Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու հանգամանքը։ Սակայն, ապահովելով բարենպաստ տեղեկատվական ֆոն (Սերգեյ Լավրովի ասուլիսի տեսքով)՝ Մոսկվան փաստացի հարմար պահ գտավ սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումը բացահայտելու համար՝ թեկուզ հենց Ալիևի միջոցով։ 
Այս ամենը ցույց է տալիս, որ մինչ հայաստանյան փորձագետները վերծանում են Լավրովի խոսքերը, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները առավել նյութական են ու կարող են հերթական անգամ վերածվել ռազմաառևտրային գործարքի։ 
Հայաստանի համար այս իրավիճակն ընդամենը նշանակում է այն, որ նախկինի պես Երևանի կողքին կանգնած է այնպիսի դաշնակից, որը զինում է հակառակորդին անկախ նրանից, թե ինչ ելույթներով է ուղեկցվում։ Նաև տեղի ունեցողը ուղղակիորեն զգուշացնում է, որ հայկական կողմին ժամանակ առ ժամանակ կարող են մատուցվել թվացյալ «բլիթներ», որոնցից հետո պետք է սպասել ոչ ուղղակի, սակայն անչափ մտահոգիչ «մտրակներ»։
Վահե Ղուկասյան 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական