Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանելու և ավազակության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները դատապարտվեցին 23, 21 և 13 տարվա ազատազրկման. «Հետք»


Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանելու և ավազակության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները դատապարտվեցին 23, 21 և 13 տարվա ազատազրկման. «Հետք»

  • 26-01-2017 17:20:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am.«Դուրս ենք գալու, հո միշտ բերդում չե՞նք մնալու»,-իր դատավճռից առաջ այսօր դատարանում հավաքված ընկերներին ու հարազարներին մխիթարում էր Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից ավազակային հարձակման միջոցով  1 մլն. 700 հզ ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդ գողանալու և մաքսանենգ ճանապարհով այն Հայաստան տեղափոխելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Խոսրով Մելքոնյանը:
 
Այս ամբաստանյալի, վերջինիս հորեղբոր որդու՝ Հովհաննես Մելքոնյանի և  Սեմյոն Եդիգարյանի համար մեղադրող դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, սակայն դատարանն ավելի մեղմ պատիժ սահմանեց՝  նրանց  դատապարտելով համապատասխանաբար 13, 23 և 21 տարվա ազատազրկման:
 
Ըստ դատավճռի եզրափակիչ մասի՝ ամբաստանյլալներն անմեղ ճանաչվեցին իրենց մեղագրվող մաքսանենգության հոդվածով:
 
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դատաքննության ամսիների ընթացքում  ՀՀ  Քրեական օրենսդրությամբ նախատեսված մաքսանենգություն հոդվածը ՀՀ ներմուծվող ապրանքների մասով ապաքրեականացվել է, և  քրեական պատասխանատվությունը փոխարինվել վարչականով:
 
Հովհաննես  Մելքանյանն ու Սեմյոն Եդիգարյանը մեղավոր ճանաչվեցին  Քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 175( ավազակություն) հոդվածներով, իսկ Խոսրով Մելքոնյանի մասնակցությունը իրեն մեղսագրվող սպանությանը, դատարանն ապացուցված չի համարում:
 
Դատավճռից հետո ամբաստանյալների պաշտպաններ Էդուարդ Աղաջանյանն ու Կարեն Հակոբյանը վստահեցրին, որ բողոքարկելու են դատական ակտը:
 
«Որոշակի չափով օբյեկտիվություն կա, բայց բողոքարկելու ենք»,- լրագրողների հետ զրույցում  ասաց Մելքոնյան եղբայրների փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
 
Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը նշեց, որ ոչ թե  Հայաստանի  դատարանի, այլ Արաբական էմիրությունների կողմից խախտվել են երկու երկրների միջև կնքված  հանձնման պայմանագրի դրույթները, որի պատճառով քրեական  գործով չեն հետազոտվել անհրաժեշտ բոլոր ապացույցները, չեն կատարվել բոլոր քննչական գործողությունները:
 
«Այս պայմաններում ես հարցականի տակ եմ դնում դատավարության արդարացիությունը: Այստեղ մենք գործ ունենք Մարդու իրավունքների եվրոպայան դատարանի սահմանած  մի շարք չափանիշների խախտման հետ: Դատարանն ու պաշտպանական կողմը զրկվեին մի շարք ապացույցներ հետազոտելու հնարավորություններից»,- ասաց Հակոբյանը:
 
Վերջինս ընդգծեց, որ  թեև դատարանը չբավարարեց  մեղադրող դատախազի պահանջն ու ցմահ ազատազրկման չդատապարտեց ամբաստանյալներին՝ դատավճիռն ինքն օրինական համարել չի կարող:
 
«Եթե մի կողմը չի կատարում իր պարտականություններն, ապա դրա պատճառով մեր քաղաքացիները չպետք է հայտնվեն նման իրավիճակում»,- ասաց Կարեն Հակոբյանը:
 
Նշենք, որ գործի քննության ողջ ընթացում պաշտպանական կողմը բարձրացրել է այն հարցը, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքների հիմքով քրեական գործի հարուցումն ի սկզբանե ապօրինի է եղել:
 
Խնդիրն այն է, որ 2014-ի մարտի 13-ին այդ ժամանակ դեռևս   ՀՀ գլխավոր դատախազ  Գևորգ Կոստանյանն, առաջնորդվելով   «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի  պահանջներով` մերժվել է ամբաստանյալների հանձնումը Արաբական Միացյալ Էմիրություններին և  սահմանված կարգով պահանջել քրեական գործի նյութերը` քրեական հետապնդում իրականացնելու համար:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ հետագայում, չկարողանալով  դիվանագիտական ուղիներով կամ դատախազական փոխհամագործակցության շրջանակներում լուծել քրեական գործի վարույթը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցելու հարցը, փաստացի,  ԱՄԷ-ի իրավասու մարմինների անգործության՝ քրեական գործի նյութերը չուղարկելու պատճառով, ներպետական օրենսդրության և Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև «Հանձնման մասին» պայմանագրի պահանջների խախտմամբ,  քրեական գործ է հարուցել:
 
Արդյունքում, ըստ պաշտպանական կողմի՝  Հայաստանում հարուցված քրեական գործի  դատակոչի ցուցակից հանվել և դատաքննության ընթացքում ընդհանրապես չեն հետազոտված ԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները: Բացի այդ` հրաժարվել են դատարան գալ և հարցաքննվել ԱՄԷ-ում ապրող տասնյակ վկաներ, ինչն էլ կասկածի տեղիք է տվել, թե իրականում նշված վկաները գոյություն ունեն: Քննության ոչ մի փուլում ամբաստանյալները հնարավորություն չեն ունեցել առերես հարցաքննվել մեղադրական եզրակացությամբ նշված մեղադրանքի կողմի վկաներ հետ, նրանք և պաշտպանները փաստացի զրկվել են դեպքի վայրի զննությանը ծանոթանալու, այն վերլուծելու հնարավորությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը