Առաջին անգամ Ճապոնիայում մեկ կենդանու օրգանն աճեցրել են մեկ ուրիշ կենդանու մարմնում
26-01-2017 17:52:02 | Ճապոնիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներին հաջողվել է առնետի մարմնում առողջ ենթաստամոքսային գեղձ աճեցնել` օգտագործելով մկան ցողունային բջիջները:
Աշխարհում առաջին անգամ գիտնականները կարողացել են միջտեսակային մակարդակով կենդանի օրգանիզմի կառուցվածքային մասը վերարտադրել մեկ այլ կենդանի էակի մարմնում: Փոխպատվաստումից հետո մկան մարմնում տեղադրված ենթաստամոքսային գեղձը սկսել է լիովին գործել:
Գիտնականների կարծիքով` այս փորձարկման հաջողությունը կարող է նոր հնարավորություններ բացել կենդանիների մարմնում մարդկային օրգանների աճեցման համար հետագա փոխպատվաստումների նպատակով, սակայն նման փոխպատվաստման հեռանկարներն առողջապահական համայնքում առաջացնում են բազմաթիվ էթիկական հարցեր:
Հետազոտական խմբի հաջորդ փորձնական քայլը լինելու է խոզի մարմնում կապիկի օրգանների աճեցումը: Նշվում է, որ Ճապոնիայում հետազոտական նպատակներով թույլատրվում է կենդանիների օրգանիզմում օգտագործել մարդու ցողունային բջիջները, մինչդեռ արհեստական կենդանի օրգանիզմների կլոնավորումը և ստեղծումն արգելված է օրենքով: