«Իշխանություններին փոխելու համար իրական պայքարողների միասնություն է պետք».Արմեն Մարտիրոսյան


«Իշխանություններին փոխելու համար իրական պայքարողների միասնություն է պետք».Արմեն Մարտիրոսյան

  • 26-01-2017 18:02:43   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

 

Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունն» արդեն ունի՞ վերջնական որոշում, թե քաղաքական որ ուժի հետ կգնա խորհրդարանական ընտրությունների՝ հաշվի առնելով, որ «Ելք» դաշինքի համաժողովին ներկա էիք և նրանց կողմից էլ հնչում էին կարծիքներ, որ «Ժառանգության» տեղը «Ելք» դաշինքում է։

 

Այս պահին որոշում չկա։ «Ելք»-ից հրավեր է եղել մասնակցելու իրենց համաժողովին, որը սիրով ընդունել ենք։ Նաև «Ելքը», ըստ էության, որոշակիորեն ձևավորվել է «Ժառանգության» առջև, մենք մասնակցեցինք այդ համաժողովին, բայց վերջնական որոշում չկա այս պահին։ Հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են։

 

Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լքում է ՀՀԿ-ն, սակայն կշարունակի քաղաքական գործունեությունը, քանի որ դրա համար ունի բավարար գիտելիք և ուժ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը և տեսնո՞ւմ եք նրա հետ ընդհանուր ճանապարհ։

 

Ճիշտն ասած, ես Հովիկ Աբրահամյանի հետ չեմ տեսնում համագործակցություն մի շատ պարզ պատճառով. մի բան է, երբ պաշտոնատար անձը համակարգի մեջ ծառայում է, և այդ դեպքում, միևնույն է, այդ համակարգի բացասական երևույթները իր վրա պատճենվում են, և բոլորովին այլ բան է, որ խոսքը համակարգաստեղծ անձի մասին է։ Հովիկ Աբրահամյանը համակարգաստեղծ անձ է եղել այս տարիների ընթացքում և վերջին բոլոր համապետական կեղծված ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շտաբի պետը ինքն է եղել։ Այդ կեղծիքների ծավալն ուղղակի անթույլատրելի է եղել։ Բացի այդ, նա միանշանակ բացասական ընկալում ունի հասարակության կողմից օբյեկտիվորեն, դրա համար ես չեմ պատկերացնում նրա հետ համագործակցություն։

 

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուն, ապա կարծում եմ՝ քանի որ մեզ մոտ կառավարման համակարգն, ըստ էության, թալանի սկզբունքի շուրջ է կառուցված, կարող ես թալանել բյուջեն, պետական հարստությունը, բնական հարստությունները, ուստիև, հաշվի առնելով նաև տնտեսական ճգնաժամային վիճակը, ակնհայտ է, որ այդ թալանի տաշտը գնալով փոքրանում է և նրա շուրջ նստածների թիվը նույնպես պետք է փոքրանա։ Ես կարծում եմ, որ այդ դաշտում է ՀՀԿ-ի և Հովիկ Աբրահամյանի հակասությունը։

 

Ձեր կարծիքով, Հովիկ Աբրահամյանի հեռանալով՝ որքանո՞վ է թուլանում իշխող կուսակցությունը և իշխանությունն ընդհանրապես։ Արդյոք Սերժ Սարգսյանը չէր հաշվարկում, որ նրան նեղացնելով նաև այսպիսի փաստի առաջ կարող է կանգնել։

 

Թուլանում է ընտրակեղծարարության կազմակերպման առումով։ Ակնհայտ է, որ իրենից լավ դա որևէ մեկը չէր կարող կազմակերպել։ Բայց քանի որ ինքը, համոզված եմ, նաև շատ «լավ աշակերտներ» է ունեցել, այդ աշակերտները նրա «բարի գործը» կշարունակեն։ Խոշոր հաշվով, չեմ կարծում, որ Հանրապետականը դրանով կթուլանա։ Հասարակական առումով որևէ ընկալում չունի ՀՀԿ-ն, իսկ վարչական բրենդի հույսի առումով ևս որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ միևնույն է, ամբողջ վարչական ռեսուրսն իրենց ձեռքին է, ուժային կառույցներն իրենց ձեռքին են, կաշառք բաժանելը ուժային կառույցների միջոցով նորից համակարգված կանեն, կրիմինալի միջոցով մնացած գործերը կանեն։ Ուղղակի ավելի վարպետորեն պետք է կազմակերպեն։

 

Եթե քաղաքական դաշտ այսքան նոր խաղացողներ, նոր դաշինքներ են մտնում, որքան կլինի այդ նոր ուժերի արդյունավետությունը, արդյոք ՀՀԿ-ին փոխելու հնարավորություն կստեղծվի։

 

Իշխանություններին փոխելու համար իրական պայքարողների միասնություն է պետք։ Նրանց, որոնք թեկուզ սխալներ են ունեցել, բայց պատրաստ են այդ սխալներն ուղղելու։ Այսինքն հին ու նոր պայքարողների միասնություն է պետք։ Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի դուրս գալով ՀՀԿ-ն ընկած եզի կարգավիճակում հայտնվեց։ Ոչ, էլի 4 ոտքերի վրա շատ ամուր կանգնած է։ Այնպես որ, եթե դանակավորներ կան, պետք չի դանակները սրեն, որովհետև դեռ եզը չի ընկել։

 

Բայց մենք տեսնում ենք, որ այդ շղթան կարող է շարունակվել՝ Վարդան Ղուկասյան, Մհեր Սեդրակյան...

 

Միևնույն է, ՀՀԿ-ն ամուր կանգնած է։

 

Այսինքն՝ միշտ հենասյուներ ունի՞ իշխող կուսակցությունը։

 

Ի՞նչ տարբերություն էս մեկն է կեղծում ընտրությունները, թե էն մյուսը։ ՀՀԿ-ն հանրային ռեսուրս չունի, և եթե նորմալ ընտրություններ լինեն, Հանրապետականը 3-4 տոկոս էլ չի հավաքի, հենց Հանրապետականի մարդիկ ՀՀԿ-ին չեն ընտրի, դա ակնհայտ է։ Բայց քանի որ խնդիրն ապօրինի, պետական ու մասնավոր ռեսուրսների օգտագործման մեջ է, հիմա Պողոս Պողոսյանը դա չի օգտագործի, Պետրոս Պետրոսյանը կօգտագործի, ի՞նչ տարբերություն։

 

Դուք կապ տեսնո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի Ռուսաստան կատարած այցի և ՀՀԿ-ն լքելու իր հայտարարության միջև։

 

Նմանատիպ մտահոգություն ունեմ, որ Ռուսաստանն այստեղ կարող է գործել։ Ինչու, նախորդ իշխանությունների ձևավորման մեջ Ռուսաստանի մատը էլի խառը չի՞ եղել։ Սերժ Սարգսյանը հրապարակավ անձամբ շնորհակալություն էր հայտնում Պուտինին՝ նախագահական ընտրություններում իրեն օգնելու համար։ Այնպես որ, դա Հայաստանի համար նորություն չէ։

 

Հաջորդ ամենատարածված կարծիքն այն է, որ սա ավելի շատ քրեա-օլիգարխիայի վերադասավորումների, ռուսական և հայկական օլիգարխիաների վերադասավումների փուլ է։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

 

Ռուսաստանի պարագայում ես չէի առանձնացնի օլիգարխ հասկացությունը, որովհետև Ռուսաստանի օլիգարխները, պարզ է, որ ՌԴ շահերը պետք է առաջ տանեն։ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ, որ որևէ սուբյեկտ, այն էլ խոշոր տնտեսվարող, ազատ ինչ-որ քաղաքականություն վարի, այդպիսի բան չի կարող լինել։ Ուստի ավելի շուտ կօգտագործեմ ռուսական քաղաքականություն արտահայտությունը։ Մեզ մոտ իշխանությունն, ըստ էության, Ռուսաստանի կողմից նշանակված է, եվրոպացիների կողմից հաստատված է, քանի որ կեղծված ընտրությունները, ցավոք սրտի, եվրոպացիներն էլ ճանաչեցին, դրա համար մտնել նման բարդ մեխանիզմների մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ես չեմ տեսնում, որ Արևմուտքն այստեղ գերակտիվացել է, որ Ռուսաստանն էլ դրա դեմ առանձնահատուկ քայլեր ձեռնարկի։

 

Նորից կրկնեմ՝ կերակրատաշտը փոքրացել է, երկրի արտաքին պարտք/ՀՆԱ  հարաբերակցությունը արդեն 57 տոկոսի է հասնում, ինչը խայտառակ ցուցանիշ է։ Ընդ որում, տեմպն այնքան մեծ է եղել, որ մեկ տարում 7,4 տոկոս գերաճ է արձանագրվել։ Դրա համար հաշվի առնելով տնտեսական ծանր վիճակը, մեր տարածաշրջանում աշխարհքաղաքական խառը դրությունը բերում է նրան, որ պայքարն իշխանության ներսում սրվում է։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետև մեր համակարգը ոչ թե ստեղծող համակարգ է, այլ կլանող, իսկ կլանող համակարգը անընդհատ ուզում է նոր զոհեր, և քանի որ ռեսուրսները բացակայում են երկրում, գնալով ավելի են պակասելու, հետևաբար կռիվը պետք է ավելի թեժ լինի։

 

Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» ե՞րբ կհայտարարի այս կամ այն դաշինքին միանալու մասին։ Կուսակցության խորհրդի անդամներն ավելի շատ ո՞ր դաշինքում են իրենց տեսնում։

 

Նմանատիպ քննարկում չի եղել։ Եղել է քննարկում դաշինքային մոտեցման գնալու վերաբերյալ, բայց կոնկրետ թե որ դաշինքի հետ, նման քննարկում չի եղել։ Առաջիկայում, բնականաբար, կլինի նման քննարկում, և դա սարերի հետևում չէ։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ