Ի՞նչ են քննարկել Հայաստանի եւ Արցախի ղեկավարները դեռ 1997 թվականին. բացահայտում

26-01-2017 18:20:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Հոդվածներ

Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1991-97 թվականների ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը բացահայտել է Արցախի հակամարտության կարգավորման թեմայով 1997 թվականի մի հանդիպում, որ տեղի է ունեցել Հայաստանի կառավարական ամառանոցի շատրվանի մոտ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ղեկավարները՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Ալիկ Արզումանյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան, ով այդ ժամանակ արդեն Արցախի նախագահի պաշտոնից տեղափոխվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնին, եւ բնականաբար ինքը՝ Լիպարիտյանը:

Արցախը ներկայացրել են վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը, արտգործնախարար Արկադի Ղուկասյանը՝ ով պետք է դառնար նախագահ, եւ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը:

Լիպարիտյանի հրապարակման համաձայն, որ ներկայացվել է aravot.am-ում, հանդիպման նախաձեռնությունը եղել է Արցախի ղեկավարությանը: Լիպարիտյանը ներկայացնում է, որ Ստեփանակերտը, ինչպես եւ Բաքուն, մինչ այդ պնդում էին կարգավորման փաթեթային տարբերակ, այն դեպքում, երբ Երեւանը իրատեսական եւ շահեկան էր համարում փուլային կարգավորումը: Ըստ Լիպարիտյանի, այդ շրջանում համանախագահ միջնորդները ներկայացրել էին փաթեթային կարգավորման տարբերակ, եւ Ստեփանակերտը ինչ-ինչ գործոններից ելնելով որոշել էր մերժել այն եւ հանդես գալ փուլայինի օգտին, այդպիսով փաստորեն դեմ գալով Երեւանի տեսակետին:

Ըստ Լիպարիտյանի, կառավարական ամառանոցի շատրվանի մոտ էլ տեղի է ունեցել քննարկումը, Արցախի պատվիրակությունը հայտնել է մոտեցումը, Տեր-Պետրոսյանը բոլորի ներկայությամբ արձանագրել է, որ Երեւանն ու Ստեփանակերտը փաստորեն եկել են նույն մոտեցման, եւ Լիպարիտյանին հանձնարարվել է դրա հիման վրա բանակցել եւ ստանալ խաղաղության պայմանագիր՝ տարածք խաղաղության դիմաց տարբերակով: Ըստ այդմ, ինչպես նշում է Լիպարիտյանը, հայկական կողմը հանձնում է 7 շրջանից վեցը՝ բացառությամբ Լաչինի, դրա դիմաց ստորագրվում է խաղաղության պայմանագիր, Արցախի անվտանգության միջազգային երաշխիքներով, իսկ կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցության:

Լիպարիտյանն ասում է, թե շատրվանի մոտ քննարկման վերջում միայն Սամվել Բաբայանն է հարցրել, թե արդյոք հնարավոր չէ Լաչինից բացի պահել նաեւ Քելբաջարը: ««Է՞շ ես, ի՞նչ ես, ա՛յ տղա, Լաչինը դեռ չենք մարսել, հիմա Քելբաջա՞րն էլ ես ուզում», ըստ Լիպարիտյանի ասել է Քոչարյանը, սակայն Տեր-Պետրոսյանը հարցրել է իրեն, թե արդյոք կարող է բանակցությանը Քելբաջարն էլ պահել: Նա էլ ասել է, թե կփորձի, ինչին ի պատասխան Տեր-Պետրոսյանը դիմել է Բաբայանին. ««Այդ պատասխանը քեզ գոհացնու՞մ է, Սամո», հարցրեց ՀՀ Նախագահը: «Եթե Ժիրայրն է դա ասում, այո՛, գոհացնում է», ժպտալով ասաց ԼՂ Պաշտպանության նախարարը», գրում է Ժիրայր Լիպարիտյանը:

Հետո իհարկե տեղի ունեցան թերեւս շատերի հիշողության մեջ թարմ իրադարձությունները, Տեր-Պետրոսյանի հրաժարականը Արցախի խնդրում անհամաձայնության առիթով, որն արտահայտվել էր անվտանգության խորհրդի հայտնի նիստում, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի հայտնի դիրքորոշմամբ:

Ժիրայր Լիպարիտյանն ամփոփելով փաստացի կրկնում է այն, ինչ օրինակ նախագահ Տեր-Պետրոսյանը, եւ շատերը՝ 1997-ին ունեինք ավելի լավ տարբերակ, քան 2005-ին, այժմ ունենք նույնիսկ դրանից էլ վատ տարբերակ, ապագայում ունենալու ենք ավելի վատը:

Այդ առումով ոչինչ օրիգինալ չէ, բայց խիստ հատկանշական է հերթական անգամ:

Լիպարիտյանի ոչ թե այդ եզրահանգումը կամ արձանագրումն է էական, այլ նրա պատմության դրվագը, որը բնորոշում է Արցախի հարցում հայկական իշխանական «էլիտայի» մտածողության, փիլիսոփայության, աշխարհընկալման մակարդակը:

Եթե, օրինակ, Արցախի առաջին պատերազմի արդյունքին  անծանոթ որեւէ մեկը տեղեկանար այդ քննարկմանը՝ ինչը ընդամենը ընդհանուր քաղաքական դիրքորոշումը խտացնող մի դրվագ է, իրեն հարց ուղղելու դեպքում, թե իր կարծիքով ո՞ր կողմն է անցկացնում այդ քննարկումը, նա թերեւս կպատասխաներ՝ պատերազմը տանուլ տված կողմը:

Հայաստանի իշխող ռազմա-քաղաքական էլիտայի պահվածքը, Արցախի հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացում, հենց սկզբից, փաստացի բնորոշ է եղել պատերազմը տանուլ տված կողմի:

Առ այսօր շարունակվում է այդպես, ինչի ցցուն վկայությունն էր Սերժ Սարգսյանի օրերս տեղի ունեցած հանդիպումը ապրիլի պատերազմից հետո զորացրված պատերազմի մասնակից երիտասարդների հետ:

Այդ մտածողության պարագայում պատահական չէ, որ Հայաստանը ստանալու է ավելի ու ավելի վատ տարբերակներ, որովհետեւ արժանապատվություն, սեփական շահի գիտակցում եւ ինքնիշխանության դրսեւորում լինում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդի տանկերը եւ հրթիռները արդեն սպառնում են անմիջապես իշխանությանը՝ կամ ռազմական, կամ քաղաքական իմաստով:

Դրա օրինակն էլ ապրիլի պատերազմն էր, երբ Հայաստանի քաղաքական իշխանությունը սկսեց դրսեւորել շոշափելի ինքնիշխանություն եւ արժանապատվություն, որից սակայն ասիճանաբար շատ քիչ բան մնաց՝ պատերազմից ժամանակ անցնելուց հետո:

Ի՞նչ պետք է մտածի հակառակորդը այն դեպքում, երբ Հայաստանում Արցախի հարցում քաղաքական «դիսկուրսը» դուրս չի գալիս «ավելի վատն ենք ունենալու» խուճապահարությունից: Հակառակորդը այլ բան չի մտածելու, քան սպասելը, եւ հնարավորության դեպքում մի քիչ էլ սեղմելը, Հայաստանում «խուճապահար» դիսկուրսը խորացնելու համար:

Այլընտրանքն անկասկած հակառակը չէ՝ Բաքուն գրավելու եւ համանման այլ կոչերը: Դժբախտաբար, Հայաստանում քաղաքական «խուճապահարսի» դիսկուրսի այլընտրանքը ընդամեն ռազմա-հայրենասիրական պաթոսն է:

Անհրաժեշտ է իհարկե համարժեք ռազմա-քաղաքական այլընտրանքի բովանդակային ձեւավորում եւ քաղաքական նոր դիսկուրսի սկզբնավորում, որտեղ խուճապը, թե ավելի ու ավելի վատն ենք ստանալու, կփոխարինվի ներկայիս ստատուս-քվոյի ավելի ու ավելի հիմնավոր եւ ընդգրկուն ռազմա-քաղաքական, քաղաքակրթական փաթեթավորման տարբերակների շուրջ քաղաքական բանավեճով:

Առավել եւս, որ դրա հիմքերը կան, շատ են, գալիս են ոչ միայն Արցախի առաջին պատերազմի արդյունքից, այլ նաեւ ներկայում Ադրբեջանի ընձեռած առիթներից՝ սկսած այդ պետության որակից, մինչեւ տարբեր միջազգային խնդիրները, որ ունի Ալիեւը:

Բայց, դրա փոխարեն, Հայաստանում շարունակվում է գեներացվել այն մտայնությունը, թե ստանալու ենք ավելի ու ավելի վատը, իսկ դրան էլ եթե անգամ չի հակադարձվում ռազմա-հայրենասիրական պաթոս, ապա հակադարձվողն այն է ընդամենը, թե ոչ՝ ավելի վատը չենք ստանալու, ստանալու ենք ավելի լավը, բայց միեւնույն է՝ անպայման հանձնելու դիմաց:

Այսինքն, Հայաստանում դրա շուրջ կա հավաքական իշխանա-քաղաքական կենսենսուս, որը մի կողմին թույլ է տալիս ներկայանալ ավելի «խելոք» , մյուս կողմին՝ ավելի «հերոս»: Երկու կողմը միասին լեգիտիմացնում են պետականության այն անկումային ընթացքը, որի համահիմնադիրն են եւ որի տակ թաղված են հայկական պետականության ավելի լավ տարբերակները, որոնցում է Արցախի խնդրի միակ լուծումը: Մնացյալ տարբերակներում հայկական պետականության փուլային կամ փաթեթային լուծարումն է, որն առայժմ կանխվում է լոկ այն պատճառով, որ աշխարհում դա պետք չէ:

lragir.am

 

 

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից