Դավիթ Լոքյանը ընդունել է իրանական «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը


Դավիթ Լոքյանը ընդունել է իրանական «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը

  • 27-01-2017 12:27:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 26-ին  ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ  Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը և հայազգի Կարեն Խանլարյանը: 
 
Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարար Լոքյանը կարևորել է Հայաստան–ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացման նոր հնարավորությունները, և այդ համատեքստում ընդգծել Սյունիքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)  ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նախարարի  խոսքով,   նման տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: 
 
«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը: 
Շնորհակալություն   հայտնելով նախարարին հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար, դեսպան Սաջադին   համակարծիք է եղել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է: Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն  Մոհսեն Արաբ Բաղինը:
 
Դավիթ Լոքյանն իր հերթին  անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն