Հայ-չինական մշակութային փառատոնի առաջին միջոցառումը նվիրված է դարերի պատմություն ունեցող հայկական գինուն և չինական թեյին (տեսանյութ)


Հայ-չինական մշակութային փառատոնի առաջին միջոցառումը նվիրված է դարերի պատմություն ունեցող հայկական գինուն և չինական թեյին (տեսանյութ)

  • 27-01-2017 17:17:14   | Հայաստան  |  Հասարակություն



Չինական նոր տարին կամ Գարնան տոնն այս տարի նշվում է հունվարի 28-ին: Այս կապակցությամբ Երևանում երկրորդ անգամ անցկացվում է Հայ-Չինական մշակութային փառատոնը, որի նպատակն է ցույց տալ համաշխարհային պատմության մեջ երկու հսկայական մշակույթների` հայկականի և չինականի ընդհանրությունները, նմանություններն ու տարբերությունները: 
 
Փառատոնի մեկնարկային առաջին միջոցառումը նվիրված է հայկական գինու և չինական թեյի ծագման, զարգացման դարավոր պատմությանը: Ներկաններին Ակումբի սոմելյեն փառատոնի գործընկեր Վան Արդի ընկերության կարմիր անապակ գինու օրինակով ծանոթացնում է  գինու շիշը բացելու, այն գավաթների մեջ լցնելու, համտեսելու ընդունված կանոններին: 
Հայ-չինական փառատոնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցներին հյուրասիրելու համար «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Ռոբերտ Վարդումյանն էլ ընտրել է չինական ամենահայտնի և թանկարժեք Դահունպաո թեյը, որը թարգմանաբար նշանակում է «մեծ կարմիր խալաթ»: 
Ինչպես 6000 տարվա պատմություն ունեցող հայկական գինին, այնպես էլ 5000 տարվա պատմություն ունեցող չինական թեյը, բացի պատրաստման, մատուցման և համտեսման հատուկ արարողակարգերից, ունեն նաև բուժիչ հատկություն և հնագույն ժամանակներում ավելի շատ օգտագործվել են բժշկության մեջ: 
Փառատոնի կազմակերիչների համոզմամբ`  հայկական և չինական մշակույթի որոշ ոլորտներում կան այնպիսի  ընդհանրություններ, որոնց մասին քչերը գիտեն, հետևաբար նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են մարդկությանը տեղեկացնելու Հայաստանի և Չինաստանի հնագույն մշակութային արժեքների մասին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն