Մենք միշտ պետք է պաշտպանենք խոցելիներին և կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջև.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (Տեսագրություն)


Մենք միշտ պետք է պաշտպանենք խոցելիներին և կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջև.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (Տեսագրություն)

  • 27-01-2017 15:05:59   | ԱՄՆ  |  Միջազգային


Գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ.
 
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հոլոքոստի՝ մարդկային պատմության ընթացքում նմանը չունեցող ողբերգության զոհերին։
 
Աշխարհը պարտականություն ունի՝ հիշելու, որ Հոլոքոստը հրեա ժողովրդին և բազմաթիվ այլոց վերացնելու համակարգային փորձ էր։
 
Վտանգավոր սխալ կլիներ Հոլոքոստը համարել սոսկ մի խումբ հանցագործ նացիստների խելացնորության հետևանք։ Հակառակը, Հոլոքոստը գագաթնակետն էր հրեաների դեմ ուղղված ատելության, խտրականության և նրանց քավության նոխազ դարձնելու դարաշրջանի։ Երևույթ, որն այժմ կոչում ենք հակասեմիտականություն։
 
Ցավոք, հակառակ մեր վճռականության, հակասեմիտականությունը շարունակում է բարգավաճել։ Մենք ականատեսն են նաև ծայրահեղականության, այլատյացության, ռասիզմի և մահմեդականների դեմ ատելության մտահոգիչ աճի։ Իռացիոնալությունն ու անհանդուրժողականությունը վերադարձել են։
 
Սա ամբողջովին հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված համընդհանուր արժեքներին։
 
Մենք երբեք իրավունք չունենք լռելու կամ անտարբեր լինելու, երբ տառապում են մարդկային էակները։
 
Մենք միշտ պետք է պաշտպանենք խոցելիներին և կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջև։
 
Եվ, ինչպես ընդգծում է այս տարվա թեման, ավելի լավ ապագան կախված է կրթությունից։
 
20-րդ դարի սարսափներից հետո, 21-րդ դարում տեղ չպիտի ունենա անհանդուրժողականությունը։ Երաշխավորում եմ ձեզ, որ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ լինելու եմ հակասեմիտականության և ատելության բոլոր այլ ձևերի դեմ պայքարի առաջնագծում։
 
Եկեք կառուցենք բոլորի համար արժանապատվություն և հավասարություն երաշխավորող ապագա՝ հենց այդպիսով հարգելով հիշատակը Հոլոքոստի զոհերի, որոնք երբեք թույլ չեն տա մոռանալ իրենց։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play