Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ


Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ

  • 27-01-2017 16:28:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը:
 
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում: Նշվել է, որ 2016թ. ընթացքում, ինչպես և նախորդ տարիներին, հիմնական ջանքերն ուղղորդվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաև ներգրավմանը միջազգային կայունության և անվտանգության գործողություններին:
Վերահաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է ակտիվորեն կյանքի կոչել պաշտպանության ոլորտի բարեփոխումները և իրականացնել միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունների իրականացումը:
 Լևոն Այվազյանը նշել է նաև, որ 2016 թվականը հատկապես առանձնացավ 1994թ. հաստատված եռակողմ զինադադարից ի վեր ԼՂ հակամարտության աննախադեպ թեժացմամբ և ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն