Համացանցում անձնական տվյալները որևէ մեկին հասանելի չդարձնելու համար պետք է հրաժարվել անգամ բջջային հեռախոսներից. մասնագետներ (Տեսանյութ)


Համացանցում անձնական տվյալները որևէ մեկին հասանելի չդարձնելու համար պետք է հրաժարվել անգամ բջջային հեռախոսներից. մասնագետներ (Տեսանյութ)

  • 30-01-2017 15:05:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Համացանցային տիրույթում անձնական տվյալներն այսօր հնարավոր չէ պաշտպանել, բայց դրանք որևէ մեկին հասանելի չդարձնելու համար պետք է հրաժարվել անգամ բջջային հեռախոսներից: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանվածության թեմային: 
 
Ըստ նրա` համացանցում յուրաքանչյուրն ունի աշխատելու իր վարքագիծը և վարքահետքը, որը մարդիկ դրսևորում են ամենատարբեր կայքերից ու սոցիալական ցանցերից օգտվելիս: 
«Նման տեղեկություններ բոլորիս մասին կուտակվում են այն ընկերությունների մոտ, որոնք ի վիճակի են դրանք կուտակել. ասեմ Ձեզ, մեկ ամսվա ընթացքում հնարավոր է բացահայտել մեզանից յուրաքանչյուրի բնակության հասցեն միայն բջջային հեռախոսից օգտվելու միջոցով»,- ասաց նա` հավելելով, որ գուցե այդ տվյալներն ամբողջությամբ վերահսկելի չեն, սակայն ինչ որ մի տեղ հաստատ գոյություն ունեն: 
Գ. Սաղյանի խոսքերով` անձնական տվյալները որոշակի չափով պաշտպանելու համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել հասարակության իրազեկվածության մակարդակին: 
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի փոխանցմամբ` անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը փոխվել է 2015 թվականին, որն իր հետ բերել է նոր կառուցակարգեր և մեխանիզմներ անձնական տվյալները հնարավորինս պաշտպանված դարձնելու համար: 
«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ունի մեկ տարուց մի փոքր ավելի պատմություն, սակայն արդեն նախանշված են այն խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմներն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, որոնք արդիական են Հայաստանի համար»,- նշեց նա` ընդգծելով, որ 2016 թվականին հանրությանն ամենաշատը հուզող խնդիրներից է եղել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, տեսահսկումը, ինչպես նաև անցանկալի հաղորդագրությունների ստացումը: 
Գ. Հայրապետյանի տեղեկացմամբ` իրենց գործակալության համար ոլորտի  ռազմավարական նշանակության ուղղություններից է փափուկ իրավունքի ձևավորումը, որի նպատակն է հանրությանն իրազեկել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կարևորության մասին: 
Այս համատեքստում բանախոսի պնդմամբ` անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ունեցել է խորհրդատվական երկու որոշում` մեկն անչափահասների վերաբերյալ հրապարակումների, մյուսը` անցակալի հաղորդագրությունների մասին, ինչպես նաև մշակվել են տեսահսկման, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, ֆեյսբուքում անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցեր: 
Ի դեպ` վերջին ուղեցույցը հրապարակված է Արդարադատության նախարարության կայքէջում:  
Մասնագետի բնորոշմամբ` անձնական տվյալների պատպանության իրավունքը հիմնված է տնօրինչականության սկզբունքի վրա, երբ մարդն ինքն է որոշում պաշտպանել իր իրավունքը, թե չէ, կամ որքանով այն պաշտպանի, ունենա բջջային հեռախոս, թե ոչ. «Կան մարդիկ, ովքեր սեփական հայեցողությամբ իրենց նեղ անձնական կյանքի տվյալները հրապարակում և տարածում են սոցիալական ցանցերում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրազեկումը կարևոր դեր ունի»:  
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գևորգյանն իր հերթին խորհուրդ տվեց համցանցից օգտվողներին ուշադիր լինել հատկապես կոտրված, սակայն անվճար տրամադրվող ծրագրերից օգտվելիս, որոնք հանգեցնում են անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրների:   
Նրա համոզմամբ` կիբերանվտանգության ոլորտում խնդիրներից խուսափելու համար պետք է դպրոցից երեխաներին սովորեցնել որոշակի հմտություններ: 
Ըստ Ս. Գևորգյանի` իրենց մասնագետների կողմից արդեն իսկ մշակվել է մի ծրագիր, որն առաջին անգամ ներդրվելու է Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play