ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում

  • 30-01-2017 16:00:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 27-ին ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։
 
Ելույթ ունենալով նիստին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ, Ավստրիան ներկայացնող Կլեմենս Կոյան նշեց, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ քննարկումների շրջանակներում մի երկիր, ըստ էության մատնանշելով Ադրբեջանին, մտահոգություն էր արտահայտել, որ գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին։
 
Այս կապակցությամբ ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչը Երևան այցելության և տեղում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգել է եզրակացության, որ նշված ծրագիրը համապատասխանում է գրասենյակի մանդատին։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ընդգծեց, որ թե նախորդ՝ գերմանական, թե ներկայիս՝ ավստրիական նախագահությունները սատարում են այդ տեսակետը։
 
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ափսոսանք հայտնեց, որ նույնիսկ այս պայմաններում հետաձգվում է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման որոշումը։ Նա ընգծեց, որ դա սպառնում է բացասական հետևանք ունենալ ԵԱՀԿ ողջ գործունեության վրա։
 
Որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակ՝ ԵԱՀԿ նախագահությունը հորդորեց երևանյան գրասենյակին ձեռնպահ մնալ մարդասիրական ականազերծման այդ ծրագրի իրականացումից։ Նա նաև ընդգծեց, որ երևանյան գրասենյակի մյուս բոլոր ծրագրերն անխափան պետք է շարունակվեն։ ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությունը երախտագիտություն հայտնեց Հայաստանին՝ որպես գրասենյակն ընդունող երկիր, հարցին ըմբռնումով մոտենալու համար։
 
Նիստի նախագահողը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով այդպիսի ծրագրեր իրականացնել։ Ավստրիական նախագահությունը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, քանի որ դա կարևոր է ողջ կազմակերպության համար։
 
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ բացառիկ կառուցողական դիրքորոշման համար։ 
 
Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ և, հակառակվելով ԵԱՀԿ մասնակից 56 երկրներին, դեմ արտահայտվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը։
 
ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրոպական միությունը, Կանադան, Շվեյցարիան, իրենց ելույթներում սատարեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն