Ինչո՞ւ է վերադարձել Ծառուկյանը

30-01-2017 17:08:35   | Հայաստան  |  Հոդվածներ
Նախկին ՀՀԿ-ական, Գյումրու երկարամյա նախկին քաղաքապետ, Հայաստանի իշխող համակարգի օդիոզ կերպարներից մեկը համարվող Վարդան Ղուկասյանը, ում եւ որի ընտանիքի մի շարք անդամների անուններ շրջանառվել են տարբեր աղմկոտ պատմություններում, հայտարարել է Ծառուկյան դաշինքին միանալու եւ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին:
 
Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից հեռացավ այն բանից հետո, երբ արժանացավ Սերժ Սարգսյանի դժգոհությանը: Ըստ մամուլի տեղեկությունների, Սարգսյանը դժգոհ էր 2013 թվականի ընտրությանը Վարդան Ղուկասյանի աշխատանքից, որի հետեւանքով Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, թեեւ հենց Գյումրիում էր նախընտրական շրջանի խրոխտ հայտարարությունն արել, թե «կխփի ինչքան պետք» է:
Վարդան Ղուկասյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին, նրան փոխարինեց Սամվել Բալասանյանը: Տարիներ անց իհարկե Սերժ Սարգսյանը ներեց Ղուկասյանին, Գյումրի կատարած այցերից մեկի ժամանակ մոտեցավ նրան:
Բայց Ղուկասյանն այլեւս ՀՀԿ անդամ չէ եւ պատրաստվում է 2017 թվականի ընտրությանը մասնակցել Ծառուկյան դաշինքով:
Մամուլում հրապարակվում են տեղեկություններ, որ Ծառուկյանի դաշինքին կարող են միանալ նաեւ Հովիկ Աբրահամյանը, նաեւ ՀՀԿ-ից նրա հետեւից հեռացող մի շարք այլ օդիոզ կերպարներ, թեեւ նրանցից հեռացել է միայն Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Բայց առայժմ թե Սեդրակյանը, թե Հովիկ Աբրահամյանը որեւէ կերպ ցույց չեն տվել, թե միանալու են Ծառուկյան դաշինքին, թեեւ Աբրահամյանի եւ Սեդրակյանի «միանալը» Ծառուկյանին իհարկե միմյանցից սկզբունքորեն տարբեր իրավիճակներ եւ խնդիրներ են:
Այդուհանդերձ, փորձագիտական շրջանակներում եւ մամուլում կարծիքներ են շրջանառվում, թե 2017 թվականին ընտրությանը ՀՀԿ ցուցակում տեղ չգտնող օլիգարխներն ու թաղային հեղինակությունները խորհրդարան կմտնեն Ծառուկյանի դաշինքով, եւ հենց դրա համար էլ վերադարձել է Ծառուկյանը:
Առայժմ չկան դրա մասին հուշող փաստեր, սակայն իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում փաստացի կստացվի, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն իր այսպես ասած առաջին մուտքից ի վեր շրջված կլինի 180 աստիճանով:
Երբ 2006 թվականին Ծառուկյանը գլխավորեց ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, այդ կուսակցության խնդիրը ոչ թե իշխանության «կույրաղիք» լինելն էր, այլ հակառակը՝ ԲՀԿ-ն պետք է դառնար իշխանության մաքուր երեսը, իր մեջ ներառելով հնարավորինս չվարկաբեկված դեմքերի: Բարգավաճ Հայաստանն այդպիսով հավաքեց մեծ թափ, ունեցավ լայն ժողովրդականություն: Այդ ամենը սակայն 2007 թվականի ընտրությանը թույլ չտվեցին կուսակցությանը դառնալ առաջինը, թեեւ աներկբայորեն դա էր Ռոբերտ Քոչարյանի ակնկալիքն ու նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հուսալի տարբերակը:
Հաղթեց Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով, իսկ Ռոբերտ Քոչարյանը գնաց ՀՀԿ գրասենյակ հաղթողներին շնորհավորելու:
Դրանից հետո Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական կյանքը զարգացավ բավական բուռն տրամաբանությամբ, նաեւ ողբերգական իրադարձություններով, իսկ ներկայում այն հայտնվել է անցումային վճռորոշ փուլում, երբ կրկին առկա է իշխանության անցման խնդիր, սակայն դա զուգորդվում է ընդհանրապես կառավարման մոդելի անցումային գործընթացով:
Ահա անցման այդ շրջանում ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս կատարում է լիովին այլ դեր, կամ համենայն դեպս կարող է կատարել, եթե իրականությանը համապատասխանում է այն, որ Ծառուկյան դաշինքը հանդիսանալու է ՀՀԿ-ից դուրս մնացողների հանգրվան եւ խորհրդարան մուտքի անցուղի:
Ստացվում է, որ եթե 2006 թվականին Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ քաղաքականություն էր մուտք գործել իշխանության «մաքուրներին» կամ «չվարկաբեկվածներին» հավաքելու եւ միավորելու համար, ապա 2016 թվականին նա երկրորդ անգամ քաղաքականություն է մուտք գործում արդեն իշխանության «վարկաբեկվածներին», «անմաքուրներին» միավորելու համար:
Դրան զուգահեռ, մի քանի տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ ինքն է մի շարք պաշտոնյաների հորդորել անդամագրվել ՀՀԿ-ին, այդ կուսակցությունն ընտրությունից առաջ հզորացնելու համար: Անկասկած է, որ դա իհարկե եղել է Ռոբերտ Քոչարյանի երաշխիքային այլընտրանքը հենց ԲՀԿ-ի ձախողման պարագայի համար, ինչն էլ հետագայում զգալիորեն աշխատեց Քոչարյանի համար:
Հետաքրքիր է ներկայում այն, թե արդյոք Սերժ Սարգսյանն էլ մի քանի տարի հետո կարող է հայտարարել, թե ինքն է 2017 թվականի ընտրությանն ընդառաջ մի շարք անձանց հորդորել մտնել Ծառուկյան դաշինք՝ այդ դաշինքը ընտրությունից առաջ հզորացնելու համար:
 


 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից