Կ.Պոլսի հայոց պատրիարքի առաջիկա ընտրության չկայացման կամ հետաձգման պատճառները


Կ.Պոլսի հայոց պատրիարքի առաջիկա ընտրության չկայացման կամ հետաձգման պատճառները

  • 30-01-2017 17:34:49   | Թուրքիա  |  Հարցազրույցներ

Կ. Պոլսի հայոց պատրիարքի առաջիկա ընտրությունների շուրջ Լրագիրը զրուցել է «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։ Մեկ շաբաթ առաջ Էրդողանը ընդունել է հայկական համայնքների հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին և խոստացել՝ սահմանադրական հանրաքվեից հետո կլուծեն պատրիարքական ընտրության, ինչպես նաև համայնքային ընտրությունների հարցերը։

 

Հիշեցնենք, որ այս պահին առաջադրված թեկնածուները չորսն են՝ պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

 

Պարոն Էստուկյան, Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեից հետո կլուծվի պատրիարքի ընտրության հարցը։ Դուք կարծում եք՝ միտումնավոր ձգձգո՞ւմ են։

 

Էրդողանը մեր Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  պատրիարքի ընտրությունը հանրաքվեից հետո տեղի կունենա։ Կարծում եմ՝ պատրիարքարանի շրջանակները կամ որոշ իշխանություններ այս վիճակում այսպես են ցանկանում շարունակել, իրենց այսպես ավելի ձեռնտու է։ Եվ միտումնավոր այնպիսի քայլեր են անում, որպեսզի պատրիարքի ընտրությունը չկայանա, կամ հետաձգվի, կամ հնարավորինս ուշ լինի։ Համոզված եմ, որ միտումնավոր այնպիսի բաներ են անում, որպեսզի ձգձգվի։

 

Պատրիարքի ընտրություններին չի կարող ազդեցություն ունենալ պետությունը, քանի որ անկախ այս կամ այն թեկնածուի նկատմամբ վերաբերմունքից, ժողովուրդն ունի իր ընտրությունը, ավելին, եթե այս կամ այն թեկնածուն թուրքական իշխանության համակրանքն է վայելում, դա ժողովրդի մոտ հակառակ ազդեցությունն է ունենում։

 

Կարծում եք՝ հանրաքվեից հետո նո՞ւյնպես կձգձգվի։

 

Անշուշտ, քանի որ հստակ խոստումներ և հստակ ժամանակացույց չի նշվում։ Միայն նշվում է, որ սահմանադրական հանրաքվեից հետո կտեսնենք, իսկ թե ինչպես, հայտնի չէ։

 

Պատրարաքարանի աշխատանքները այս ընթացքում խաթարվա՞ծ վիճակում են։

 

Եկեղեցական առումով պատրիարքարանում ամեն ինչ բնականոն շարունակվում է:

 

Պարոն Էստուկյան, հայկական համայնքը Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին ինչպե՞ս է արձագանքում։ Դժգոհություններ կա՞ն։

 

Ճիշտն ասած, հայկական համայնքը, ինչպես Թուրքիայի ամբողջ բնակչությունը, մտահոգություններ ունի, քանի որ երկիրն այս օրերին բավականին լարված քաղաքականություն է վարում, քաղաքական դաշտը բավական լարված է։ Կուսակցապետերը իրար հակաճառում են, այս լարվածությունը բոլորի համար մտահոգություն է, նաև հայերիս համար։ Հատուկ հայերի համար ժխտական երևույթներ չկան, բայց երկրի վիճակը վատ է։ Սահմանադրության փոփոխումով խորհրդարանական համակարգից անցում ենք կատարում նախագահական համակարգի, այսօրվա նախագահը սուլթանի կարգավիճակ պետք է ստանա, այսինքն՝ մենատիրական համակարգ է ձևավորվելու, և այս առումով մտահոգությունները շատ են։ Եվ ընտրությունները այնպես չեն անցնելու, ինչպես Միացյալ Նահանգների ընտրությունները, ավելի մեծ արտոնություններ պետք է տրվեն նախագահին։ Մանավանդ որ զարգացած երկրներում, որտեղ նախագահական համակարգ է, ուժերի բաշխում գոյություն ունի, դատական համակարգն ինքնին անջատ է, օրենսդիրը և գործադիրը նույնպես անջատ են։ Հիմա նոր սահմանադրությամբ միգուցե բոլորը նույն շենքի մեջ հավաքվեն, այսինքն՝ օրենքներ ձևավորողը, ընդունողը, դրանք գործադրողը նույն անձը պետք է լինի, և դրանք արդար դատական գետնի վրա ներկայացնողը՝ նույն անձը։ Անշուշտ, նույն անձը չէ, բայց նույն մարդու ընտրած անձինք, բոլոր ուժերը մեկ անձի ձեռքում հավաքված կլինեն, ինչը վտանգավոր է։ Մինչև հիմա դատական համակարգը իբրև անկախ էր, նույնը օրենսդիր և գործադիր մարմինները, հիմա դրանք մեկ անձի ձեռքում կհավաքվեն, ինչը վտանգավոր է։

 

Հնարավո՞ր է այս առումով նոր բախումներ լինեն Թուրքիայում։

 

Շատ հավանական է, մտահոգություն բուն պատճառը դա է, որովհետև այլևս ամեն ինչ քաղաքական գետնի վրա խոսելու հնարավորությունը գնալով նվազում է։ Այս պահին 13 պատգամավոր բանտում է, այսօր երկու կին պատգամավոր հսկողության տակ վերցվեցին։ Այնպես որ, խորհրդարանի ամբիոնի խոսքի ազատությունը սահմանափակվելու է, ճնշումներ կլինեն։ Բացի այդ, հիմա կա տնտեսական ճգնաժամ, որովհետև երկու ամսվա ընթացքում թուրքական լիրան երեսուն տոկոսով արժեզրկվեց, դոլարի, եվրոյի սղաճ արձանագրվեց։ Այս արժեզրկումը դեռ կշարունակվի։

 

Հնարավո՞ր է՝ սոցիալական բունտի հանգեցնի այս վիճակը։

 

Այո, կարող է, և դա մտահոգությունների գլխավոր պատճառն է։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play