Հայ-գերմանական համագործակցությունը նոր մեկնարկ է ստանում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում


Հայ-գերմանական համագործակցությունը նոր մեկնարկ է ստանում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում

  • 30-01-2017 18:31:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության արտակարգ իրավիճակների գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ալբրեխտ Բրյոմմեին:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոյի միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտենբերգերը:
Ողջունելով ներկաներին՝ Հ. Մխիթարյանն անդրադարձավ հայ-գերմանական համագործակցությանը, նախանշեց հետագա անելիքներն ու ներկայացրեց նախարարության հիմանկան գործառույթները.
-Մեր երկրների միջև վաղուց ձևավորվել են բարիդրացիական հարաբերություններ: Հարաբերություններ, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ձևավորման համար: Հիմա այդ համագործակցությունն առավել զարգացնելու անհրաժեշտություն կա: Այսօր մեզ պատմական հնարավորություն է տրված նոր ու կայուն հիմքերի վրա դնելու  հայ-գերմանական համագործակցությունը: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծության արդյունքում ձևավորվեց INSARAG-ը (ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ): Եվ ահա Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց Հայաստանն ուևի INSARAG-ի բոլոր պահանջներին համապատասխանող թիմ: Դա հնարավոր դարձավ ոչ միայն մեր ջանքերի, այլև միջազգային լայն աջակցության շնորհիվ: 
Մենք ունենք կայացած ու համագործակցելի կառույց, փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ, Սենդայից բխող ազգային ռազմավարություն, քաղաքական կամք ու մեծ պատրաստակամություն՝ համագործակցելու Գերմանիայի դաշնության հետ                                                                                                                                                                                                                  բնակչության պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման ոլորտում:
ԳԴՀ կառավարության ԱԻ գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ա. Բրյոմմեն իր խոսքում անդրադարձավ Հայաստան կատարած առաջին այցելության նպատակի, ակնկալիքների և արտակարգ իրավիճակներում Հայաստանի ձեռքբերումներին.
- Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որի մասին բազմաթիվ հիշողություններ կան: Ցավով եմ վերհիշում 1988 թ.-ի աղետալի երկրաշարժը, բայց և հպարտությամբ ու զարմանքով փաստում, որ այսօր Հայաստանն ունի INSARAG-ի բոլոր չափորոշիչներին համապատասխան թիմ՝ այնպիսի թիմ, ինչպիսին ունի Ամերիկայի միացյալ նահանգների պես հզոր և զարգացած տերությունը: Այսօր այստեղ եմ, որպեսզի տեսնեմ հետերկրաշարժյան տարածքներն ու տեղանքները, քննարկենք համագործակցության նոր եզրերն ու փոխըմբռնման հուշագիրը, որը լայն հնարավորություններ կտա երկու երկրների փրկարար ծառայություններին:
Հյուրերը մասնակցեցին նաև ՀՀ ԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների պարգևատրման արարողությանը:
Քանի որ Ալբրեխտ Բրյոմմեի այցը նաև ճանաչողական բնույթ էր կրում, Հ. Մխիթարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, եղան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ տեղում ծանոթանալով «911» ծառայության աշխատանքներին:
Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը  և  ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոն, ընդունելով իրենց պետությունների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության կարևորությունը, բնակչության անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումների իրականացման համար մարդկային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը և  նպատակ ունենալով առավել ամրապնդել փոխըմբռնումն ու բարեկամական համագործակցությունը, պայմանավորվում են այս Հուշագրով, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան համագործակցություն իրականացնել հետևյալ բնագավառներում.
1. կամավոր փրկարարական շարժումների կազմակերպում և ակտիվացում,
2. արտակարգ իրավիճակների կանխում և կանխարգելում, բնակչության և տարածքների պաշտպանություն, որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում, 
3. բնական և տեխնածին աղետների կանխարգելում, հետևանքների վերացում,
4. վտանգավոր տեխնածին գործընթացների և բնական աղետների մոնիթորինգի կազմակերպում և իրականացում,
5. տեղեկատվության և նորարարական տեխնոլոգիաների փոխանակում,
6. համագործակցություն աղետներից տուժած բնակչության և փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմերի հոգեբանական աջակցության կազմակերպման ծառայությունների միջև, 
7. կողմերի լիազոր մարմինների պատվիրակությունների պարբերական փոխայցելություններ` փորձի փոխանակման նպատակով,
8. կողմերի` արտակարգ իրավիճակների ոլորտի աշխատողների և փորձագետների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման     և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, դասախոսություններ, վարժանքներ, գործնական պարապմունքներ) կազմակերպում և անցկացում` պլանավորված հատկացումների, մասնավոր ներդրումների և դրամաշնորհային միջոցների հաշվին,
9. համատեղ ծրագրերի մշակում և իրականացում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play