Սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքների բոլոր 390 ընտանիքներն ապահովվեցին էներգախնայող LED լամպերով


Սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքների բոլոր 390 ընտանիքներն ապահովվեցին էներգախնայող LED լամպերով

  • 30-01-2017 19:10:25   | Հայաստան  |  Բարեգործություն

Տավուշի մարզի Վազաշեն և Այգեպար համայնքների բոլոր 390 ընտանիքներն ապահովվեցին էներգախնայող LED լամպերով: Հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի օրը, «Լուսավոր սահման» նախաձեռնության մոտ 35 կամավորներ այցելեցին վերոնշյալ սահմանամերձ գյուղեր և այնտեղ բնակվող յուրաքանչյուր ընտանիքի փոխանցեցին 5-ական երեք տարվա երաշխիքային սպասարկում ունեցող լուսադիոդային լամպեր: 
 
Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Լուսավոր սահման» նախաձեռնության ներկայացուցիչ Հովհաննես Կարապետյանը, ծրագրի մեկնարկը տրվել է նոյեմբեր 9-ին, իսկ դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ամբողջությամբ լուսադիոդացվել է: Սահմանամերձ առաջին գյուղի ֆինանսավորումն ապահովել է Արփա-Սևան ընկերությունը:
Նրա փոխանցմամբ` ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակիչներին ներկայացնել և ծանոթացնել էներգիայի տնտեսման այլընտրանքային ուղիների հետ: 
«Հաջորդ գյուղերը դարձյալ Տավուշի մարզի Ոսկեպար, Դովեղ, և Բերքաբեր գյուղերն էին, իսկ այսօր Վազաշենն ու Այգեպարն են, շուտով պատրաստվում ենք լուսադիոդացնել նաև Մովսես, Չինարի և Պառավաքար համայնքները»,- ասաց նա` հավելելով, որ նախաձեռնության հիմնական աջակիցներն են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Արփի Սոլար» ընկերությունը, ՀՀ կառավարության աշխատակազմը, «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ը, «Հաբիթաթ ֆոր հյումենիթի» հիմնադրամը և մի շարք այլ կառույցներ, նաև անհատներ ու նվիրատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Հ. Կարապետյանի խոսքերով` ի սկզբանե նախատեսել էին ծրագիրն իրականացնել միայն Տավուշի սահմանամերձ գյուղերում, սակայն հենց ծրագրի մեկնարկից որոշվել է այն տարածել Հայաստանի և Արցախի բոլոր սահմանամերձ գյուղերի վրա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ հենց սահմանամերձ գյուղերում է իրականացվում ծրագիրը` «Լուսավոր սահման»-ի ներկայացուցիչը նշեց, որ չնայած էներգախնայող լուսադիոդային լամպերի կարիք այլ գյուղերում էլ կա, սակայն սահմանամերձ համայնքներում անվտանգության հաղթահարման շեմ գոյություն ունի:
«Ուզում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչը զգա, որ մենք իր կողքին ենք, որ ավելի ամրապնդվի սեփական գյուղում, շենացնի այն` այդպիսով նպաստելով սահմանների հզորացմանը»,- ընդգծեց Հ. Կարապետյանը:
Վերջինիս պնդմամբ` լուսադիոդային լամպերից յուրաքանչյուրը համարժեք է 100 վատանոց շիկացման լամպին, սակայն ծախսում է տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն