Կուսակցություններից ոչ մեկը բեկումնային փոփոխությունների ծրագիր կամ առաջարկ չունի. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)
31-01-2017 16:17:05 | Հայաստան | Հասարակություն
«Այս աստիճանի բզկտվածության պայմաններում սկսվող ընտրապայքարը հնարավոր է երկրում հանգեցնի ցնցումային զարգացումների ընդհուպ մինչև քաոսի առաջացման»,- կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` ընտրապայքարի մյուս հնարավոր հետևանքը կարող է լինել գործող համակարգին իշխանությունից զրկելը, որը խիստ կարևոր է խեղդվող հասարակության և երկրի համար:
Ա. Մանուչարյանի խոսքերով` քաղաքական կուսակցությունների առճակատումները չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, քանի որ Հայաստանի քաղաքական ընտրանին գործում է նույն փիլիսոփայության մեջ` հարստություն կուտակիր և հաճույքներ վայելիր:
«Այսօր ստեղծված իրավիճակը պահանջում է բեկումնային փոփոխություններ, այսինքն` ժողովուրդն իրոք պետք է զգա, որ նոր էջ է բացվում, նոր կյանք է սկսվում. Կուսակցություններից ոչ մեկը նման փոփոխությունների որևէ ծրագիր կամ առաջարկ չունի»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքական կուսակցությունների նախընտրական խոստումներով առաջարկվող ապագա Հայաստանը նման է ներկայիս Վրաստանին:
Բանախոսի համոզմամբ` նման պայմաններում անհրաժեշտ է ժողովրդին ներկայացնել գերառաջարկ, որն ամիսներ առաջ մշակել է «Հոգևոր Հայաստան» անվան ներքո հանդես եկող մտավորականությունը:
«Գերառաջարկի նպատակն է հայության ամբողջականացումը` որպես մեկ երկիր, կոնֆեդերատիվ տիպի միավորում, որտեղ մի միավորը ՀՀ-ն է, մյուսը` Արցախը, երրորդը` hայերի խոշոր համայնքները մոլորակով մեկ. փաստացի միավորվելով` ունենում ենք ընդհանրական քաղաքականություն, գիտություն, տնտեսություն, կրթություն, մշակույթ, որոնք կտրուկ կարող են բարձրացնել Հայաստանի և հայության որակները»,- ընդգծեց Ա. Մանուչարյանը:
Վերջինս նշեց, որ ինքը համագործակցում է այն բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր հայտ են ներկայացրել պաշտպանելու վերոնշյալ առաջարկը և գաղափարը: