Թրամփեան Ամերիկա. տեսանելի, թէ՛ անկանխատեսելի հեռանկարներ...


Թրամփեան Ամերիկա. տեսանելի, թէ՛ անկանխատեսելի հեռանկարներ...

  • 31-01-2017 15:10:20   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թրամփին անձամբ ու անմիջականօրէն շնորհաւորելու արտասահմանեան առաջնեկը հանդիսացաւ Եւրոմիութեանը թիկունքից դաշունահարած «բրեքսիթ»-ի հեղինակ, նոյնինքն՝ Մեծն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը: Հանդիպումը (ս. թ. յունւարի 28-ին) երկուստեք հոգեհարազատ էր, հաշւի առնելով Թրամփի դեռեւս մինչ այդ ցուցաբերած հակաեւրոմիութիւն կեցւածքը, վերջնիս «ծերութեան» մասին բարձրաձայնելով...
 
Տիկին Մէյը, սակայն, մինչ ԱՄՆ այցը, հասցրել էր տեսակցել նախ՝ Սաուդական Արաբիայի Խալիֆ Սալմանին եւ ապա՝ մշտապէս Անգլիայի գուրգուրանքի առարկայ Թուրքիայի նորօրեայ Սուլթանական աւագանուն, ի դէմս Էրդողանի ու վարչապետ Եըլդըրըմի:
 
Ահա, թէ ինչպէս են համընկնում առանց այդ էլ միջազգային թէ՛ տարածաշրջանային ուժերի ու սրանց արբանեակների աշխարհագրա-քաղաքական ու «անվտանգութեան» ամատեղ շահերը: Եւ երբ Նաթանիահուական Իսրայէլին էլ աւելացնենք վերոգրեալներին, համալրւում է այսպէս ասած՝ օբամայական ԱՄՆ-ից ու Եւրոմիութիւնից խոցւածների միջազգային «կոալիցիան»:
 
Դեռեւս հարցական է, թէ ձեւաւորւող անպաշտօն այս «կոալիցիան» միջազգային կամ տարածաշրջանային մասշտաբներում ինչպիսի տնտեսա-քաղաքական գրոհներ կը ձեռնարկի նոյն մակարդակներում ծանրակշիռ խաղացող-գերտէրութիւնների՝ Չինաստանի, Ռուսաստանի կամ Եւրոմիութեան նկատմամբ: Սակայն, պարզորոշ է նոյն «կոալիցիայի» կողմից տարածաշրջանային գերհզօր խաղացող՝ Իրանի նկատմամբ թշնամական ու խիստ հակադիր կեցւածքն ու մօտեցումը, առաջնահերթօրէն՝ Իսրայէլի դրդմամբ ու հրահրմամբ..., որում, յատկապէս մեղսակցութեան իրենց չափաբաժինն են ունենալու ԴԱԷՇ-ի կնքահայր Սաուդական Արաբիան ու յատկապէս Թուրքիան, որոնց շրջանային դիրքերը յատկապէս իրաքեան եւ սիրիական ճակատներում այսօրւայ տւեալներով խիստ խոցւած են:
 
Ահաւասիկ, թրամփեան Ամերիկա, նոր դաշնակիցներ, աշխարհագրա-քաղաքական նոր նպատակներ ու տարբեր շահերի բախումների արդիւնքում՝ տեսանելի, թէ՛ անկանխատեսելի հեռանկարներ...
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
 ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը