Երեւանը հրաժարվում է հանդիպել Բաքվի հետ.Քաղաքագետ


Երեւանը հրաժարվում է հանդիպել Բաքվի հետ.Քաղաքագետ

  • 31-01-2017 16:18:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, որ Մոսկվան փորձում է Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակի հանդիպում, որին Ադրբեջանի արտգործնախարարը տվել է իր հավանությունը:

Միեւնույն ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, թե չի կարող լավատեսությամբ ընդունել հունվարի 24-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հետ ունեցած քննարկումը: Թե ինչու՞ Մամեդյարովը լավատես չէ, մանրամասներ հայտնի չեն: Լավատեսության այդ բացակայությունն առնչվում է Արցախի խնդրում Ռուսաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների տարբերությա՞նը, թե՞ խոսքը հենց արտգործնախարարների մակարդակի եռակողմ հանդիպման մասին է, որի վերաբերյալ խոսել է Մամեդյարովը եւ հայտնել, որ ՌԴ-ն ցանկանում է կազմակերպել այդպիսի հանդիպում:

Բանն այն է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ որոշակի լարվածություն առաջացավ շաբաթներ առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից, որտեղ նա պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ հայտարարել էր, թե Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ: Լավրովը արել էր նաեւ մի քանի այլ հայտարարություններ, մասնավորապես հետաքննությունների մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, որոնք դուր չէին եկել Բաքվին:

Մյուս կողմից, Լավրովի հայտարարությունից հետո Իլհամ Ալիեւը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է սպառազինության նոր խմբաքանակ ձեռք բերելու համար:

Իրադարձությունների զարգացման արմատը սակայն տանում է դեպի նախորդ տարեվերջ, երբ Ադրբեջանը դիվերսիա իրականացրեց Չինարիի ուղղությամբ, ՀԱՊԿ Վեհաժողովից անմիջապես հետո: Դրանից առաջ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան էր հայտարարել, թե Մոսկվան անում է ամեն ինչ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Իսկ դրանից առաջ էլ պաշտոնական Երեւանն էր մի քանի առիթով ասել, որ պատրաստ է հանդիպումների, բայց եթե դրանցում ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվում են, այլապես հանդիպումը իմաստ չունի:

Այդպիսով ակնհայտ էր, որ Երեւանը հրաժարվում է հանդիպել Բաքվի հետ, դնելով պայմանավորվածությունների կատարման պայմաններ: Խոսքն ըստ երեւույթին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, մասնավորապես հետաքննությունների մեխանիզմի ներդրման մասին է:

Չինարիի դիվերսիայից առաջ Բաքուն փաստորեն ազդակ ստացավ ՌԴ ԱԳՆ-ից, ի դեմս Զախարովայի հայտարարության, թե Մոսկվան անում է ամեն ինչ բանակցությունը սկսելու համար: Այսինքն, Մոսկվան անում է ամեն ինչ ինքնանպատակ հանդիպումից հրաժարվող Երեւանին հանդիպման տանելու համար: Դրանից մի քանի օր անց Բաքուն արեց իր քայլը՝ դիվերսիոն շանտաժը Չինարիի ուղղությամբ, սպանելով երեք հայաստանցի զինծառայողի:

Դրանից հետո սակայն հնչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի բազմիմաստ հայտարարությունը, որտեղ օգտագործվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձեւակերպումը: Բաքուն զգուշորեն դժգոհեց այդ կապակցությամբ: Մի քանի օր անց պարզվեց, որ Բորդյուժան այլեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ, քանի որ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Թեեւ, ընդամենը դեկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ ՀԱՊԿ Վեհաժողովի շրջանակում որեւէ խոսք չէր ասվել, որ Բորդյուժան հրաժեշտ կտա պաշտոնին մի քանի օր անց: Տարօրինակ էր, որ ՀԱՊԿ Վեհաժողովի մասնակից նախագահները կես բառով անգամ շնորհակալություն չհայտնեցին Բորդյուժային՝ 2003 թվականից իր ծառայության համար:

Բացառված չէ, որ խնդիրը ոչ միայն ՀԱՊԿ շրջանակում է, որտեղ առնվազն Բելառուսն ու Ղազախստանը հանդիսանում են Ադրբեջանի բացահայտ դաշնակիցները, այլ նաեւ հենց Ռուսաստանի, որտեղ գուցե Արցախի խնդրում Ադրբեջանի հանդեպ դիրքորոշման, Ադրբեջանի հետ հարաբերության մասով կա երկու որոշակիորեն տարբեր կարծիք, թե ինչպես պետք է պահի իրեն Ռուսաստանը:

Բացառված չէ, որ այդ տարակարծությունն առաջացել է կամ խորացել ապրիլի պատերազմից հետո, երբ պատերազմի «կազանյան պլանի» տրամաբանությամբ ընթացքը մատնվեց անհաջողության եւ փակուղի մտցրեց ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Ռուսաստանին:

Բացառված չէ, որ Ռուսաստանի իշխող վերնախավում տարակարծություն կա հենց փակուղուց դուրս գալու ելքերի կապակցությամբ. դուրս գալ Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տվա՞ծ, ինչպես որ ձեռք-ձեռքի տված մտան փակուղի, թե այդուհանդերձ փակուղուց ելք փնտրել ավելի շատ Հայաստանի հետ գործակցված:

Հավանական է, որ այստեղ է Մամեդյարովի «լավատեսության բացակայության» պատճառը:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն