ՀՀԿ-ն ավելի ուժեղացած և ավելի համախմբված է գնալու այս ընտրություններին
31-01-2017 16:31:21 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Պարոն Շարմազանով, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանըհայտարարելէ, որ լքում է ՀՀԿ-ն և ընտրություններին մասնակցելու է Ծառուկյան դաշինքով։ Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում, արտահոսքը կուսակցությունից դեռ շարունակվո՞ւմ է։
Հանրապետականից արտահոսք չկա, Հանրապետականում կա մեկ մրցավազք՝ ներհոսք դեպի ՀՀԿ, վերջին 1 տարում 11 հազար մարդ է անդամակցել կուսակցությանը, 1-2 մարդու հեռանալը դեռ ոչինչ չի նշանակում։ Ավելին, Ձեր նշած անձը վերջին տարիներին ընդհանրապես ոչ մի լուրջ դերակատարում չուներ ՀՀԿ-ում։ Հիմա եթե որոշել է գնալ այլ կուսակցություն, թող գնա, իր ընտրությունն է։ Մենք ժողովրդավարական կուսակցություն ենք, հարգում ենք մարդկանց անձնական որոշումները։ Նորից կրկնեմ, Հանրապետականից ոչ մի արտահոսք չկա, նայեք՝ մի կողմից՝ 11 հազարը, մյուս կողմից՝ մի քանի հոգին։ Մենք դեռ Հովիկ Աբրահամյանի հեռանալու ժամանակ ենք ասել, որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կգան էլ, կգնան էլ, բնական երևույթ է։
Բայց մենք տեսանք, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան երկխոսությունը անձնական տիրույթում է, և կուսակցությանը չեն ուզում խառնել այդ ամենին, ավելին Հովիկ Աբրահամյանը թիմից շնորհակալություն հայտնեց, բայց ոչ Սերժ Սարգսյանից։ Փաստորեն նա կոնկրետ Սերժ Սարգսյանից է նեղացած, սա ինչպե՞ս եք գնահատում։
Ես չգիտեմ՝ Հովիկ Աբրահամյանը նեղացած է, թե ոչ, դա իրենից հարցրեք։ Ես միայն կարող եմ ասել, որ կարդացել եմ նրա երկու գրառումները և այնտեղ ոչ մի քաղաքական պատճառ չեմ տեսել։ Երկրորդը՝ ցանկացած քաղաքական գործիչ որոշումներ կայացնելու իրավունք և ազատություն ունի, բայց քաղաքականության մեջ որոշումները պետք է ունենան քաղաքական հիմնավորում։ Առայժմ որևէ քաղաքական հիմնավորում չկա։
Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը հաշվեհարդար տեսնում նրանց հետ՝ հաշվի առնելով, որ Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի մերձավորներն են ազատվում աշխատանքից։
Կարծում եմ՝ Ձեր գնահատականները չափազանցված են, որևէ հաշվեհարդար չկա։ Նրանք բոլորն իրենք են դիմում գրել։ Էրեբունու թաղապետի հետ կապված Տարոն Մարգայանն արդեն պարզաբանում տվել է, որ նա է դիմում գրել։ Այսինքն՝ որևէ մեկը չի ազատվել, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին, ոստիկանությունն արդեն պարզաբանում տվել է։ Հայաստանում անցյալում է դաժան հաշվեհարդարների ժամանակը։ Ընդհակառակը, մենք ասում ենք, որ ժողովրդավարական պետություն ենք, և յուրաքանչյուր ՀՀԿ-ական ազատ է իր որոշումների կայացման գործում։ Եվ եթե ինքը համաձայն չէ իր քաղաքական թիմի որոշման հետ, նա ազատ է, ինչպես մտել է, այդպես էլ կարող է դուրս գալ, ինչի՞ մասին է խոսքը։ Պարզապես անկախ անձից, անկախ կուսակցությունից՝ քաղաքականության մեջ պարտադիր են քաղաքական դրդապատճառը, հիմնավորումները։ Մանավանդ եթե դու շարունակելու ես զբաղվել քաղաքականությամբ, դու պարտավոր ես հանրությանը ներկայացնել, թե ինչու դուրս եկար, ինչն էր խանգարում։
Եռաբլուր այցելած Սեյրան Օհանյանը պարզաբանում տվեց։ Այնտեղ նո՞ւյնպես չտեսաք քաղաքական դրդապատճառ։ Ի՞նչ տպավորություն ստացաք։ Նա նաև ասել է, որ չի բացառվում Ծառուկյանի հետ համագործակցելը։
Իսկ ինչ է նա մեկնաբանել... չի բացառում Ծառուկյանի հետ համագործակցությունը քաղաքական հիմնավորո՞ւմ է։ Ես տպավորվում եմ այլ բաներից, նրա ելույթներից չեմ տպավորվում։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ։ Անկախ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի քաղաքական հեռանկարից՝ ՀՀԿ-ն ունի իր ծրագիրը, մարտավարությունը, ռազմավարությունը և նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անշեղորեն գնալու է այդ ճանապարհով։ Մնացյալը այդ գործիչների խնդիրն է, և ես որևէ ցանկություն չունեմ ձեր նշած գործիչների քաղաքական պլանները, ծրագրերը մեկնաբանել, մանավանդ որ որևէ քաղաքական պլատֆորմ առ այս պահը չեմ տեսել՝ բացի ցանկությունից, որ երկիրը լավ լինի։ Մենք էլ ենք ցանկանում, որ երկիրը լավ լինի։
Բայց չեք անում բավարար քայլեր այս վիճակից երկիրը դուրս բերելու համար։
Ապրիլի 2-ին կտեսնենք՝ անում է, թե չի անում։ Իսկ այդ մարդիկ, ովքեր եղել են իշխանության մեջ, գոնե իշխանության մեջ լինելով, հրապարակային ոչ միայն դժգոհություն, այլ առհասարակ «նամյոկ» (կներեք սլենգի համար) չեն արել, որ դժգոհ են այս վիճակից։ Քաղաքականության մեջ, անկախ անձերից, չի լինում այնպես, որ քանի դու պաշտոնի ես, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե քեզ հեռացնում են, վիճակը միանգամից վատանում է։ Ես չեմ կարծում, որ այս երկու-երեք ամսում Հայաստանում վիճակն այնքան է փոխվել, որ ձեր նշած գործիչները, մինչև այդ իշխանության մեջ լինելով, տեսել են բարեփոխումների հնարավորություն, բայց այս երկու-երեք ամսում այնքան շեշտակիորեն վիճակը վատացավ, որ նրանք գտնում են, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն։ Կգան ընտրությունները, մենք պատրաստ ենք բանավիճելու բացառապես քաղաքական ծրագրերի և քաղաքական պլատֆորմների շուրջ և ոչ թե անձերի։ Մենք վեր ենք անձերի դեմ պայքարից, մենք որևէ աձի դեմ չենք պայքարել և չենք պայքարելու, մենք պայքարելու ենք Հայաստանի անվտանգության բարձրացման, Հայաստանի առաջընթացի, ժողովրդավարության զարգացման և հանուն Հայաստանի միասնության և համերաշխության հաստատման համար։ Ապրիլից հետո կյանքը շարունակվելու է։ Եվ ամեն գնով մեզ հաղթանակներ պետք չեն, մեզ պյուռոսյան հաղթանակ պետք չէ։ Մեզ պետք է, որ նախևառաջ հանրությունը լինի միասնական։ Իսկ դատավորը ժողովուրդն է, ինքն էլ կորոշի՝ ում է ձայն տալիս։ Ես դատավոր չեմ, որ ձեր նշած գործիչներին գնահատականներ տամ։
Ծառուկյան-Օհանյան-Օսկանյան՝ եթե բոլորը միավորվում են, արդյոք վտանգ չեն ներկայացնի ՀՀԿ-ին, չե՞ք մտահոգվում։
Թող միավորվեն, որոշողը ժողովուրդն է։ Անկախ նրանից՝ կմիավորվեն, թե չեն միավորվի, մենք մեր ծրագրով գնալու ենք, ապրիլին ժողովուրդը ցույց կտա: Ես այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն է Հայաստանում քաղաքական գործընթացների առաջամարտիկ ուժը, և ՀՀԿ-ն է ամենաազդեցիկ ուժը և ունի ամենամեծ շանսերը՝ ընտրություններին հանսել հաջողության և գրավել առաջին տեղը։ Ես գրեթե համոզված եմ, որ կլինի։ Մենք ունենք շատ լավ թիմ, այս փուլում ավարտում ենք ցուցակների նախապատրաստման աշխատանքները, և յուրաքանչյուր ընտրատարածքում կներկայացնենք շատ արժանի թեկնածուներ։ Մենք պատրաստ ենք քաղաքական ծրագրերի և պլատֆորմի շրջանակներում ազատ մրցակցության բոլոր կուսակցությունների և դաշինքների հետ։ Ես չեմ ուզում առանձնացնել Ծառուկյան դաշինքը, մի թերագնահատեք ԵԼՔ դաշինքը, Ազատ դեմոկրատներին, Հայկական վերածնունդին, Դաշնակցությանը, ի վերջո ՀԱԿ-ին։ Խնդրում եմ՝ ՀՀԿ-ին որպես առաջին մրցակից Ծառուկյան դաշինքին մի կանխորոշեք։ Մեզ համար չկա հատուկ թիրախավորված Ծառուկյան դաշինքը, և մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր մասնակից քաղաքական դերակատարներին ընտրությունների ժամանակ։
Ի վերջո, ՀՀԿ-ի ցուցակը ե՞րբ պատրաստ կլինի։
Փետրվարի 6-16-ը, օրենքով սահմանված կարգով։
Ըստ էության՝ ձեզ համար անակնկալ չէ, որ ձեր շարքերը լքում են:
Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում։ Ինձ համար որևէ անկնկալ չկա։ Առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ-ն լքում են նախկին փոխնախագահներ և կուսակցության առանցքային դեմքեր։ ՀՀԿ-ն չի թուլացել, երբ նրան լքել են Արամ Սարգսյանը, Տիգրան Թորոսյանը, Վիկտոր Դալաքյանը, հիմա Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ն կուռ թիմ է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Ավելի՞ է ուժեղացել նրանց գնալով։
Մարդիկ, ովքեր իրենց անելիքը չեն տեսնում ՀՀԿ-ում և գնում են, բնականաբար եթե անելիք չեն տեսնում, լավ է գնան, հաստատ կուսակցությունը չի թուլացել նրանց գնալով: Իսկ ավելի է ուժեղացել, թե ոչ, կերևա ընտրություններին։ Հուսով եմ, որ մենք ավելի ուժեղացած և ավելի համախմբված ենք գնալու այս ընտրություններին, իսկ քաղաքական գործիչների մուտքը և դուրս գալը համաչափ պրոցես է, պարզապես անհամաչափ է նրանց դուրս գալու և մուտք գործողների թիվը, մեկ երկու հոգի դուրս են գալիս, 11 000 հոգի անդամագրվում են։