Հայաստանում առաջին անգամ կկայանա համակարգչային անվտանգության մրցույթ
31-01-2017 17:27:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN): Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Մայքրոսոֆթ Հայաստանը՝ Մոնիտիսի և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Մրցույթը, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, կկայանա փետրվարի 4-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:
Capture the Flag -ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ընդունվում են թե անհատական, թե թիմային մասնակցության հայտեր: Լավագույն մասնակիցները կարժանանան մրցանակների: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը և գրանցումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ctf.1gsecurity.com/# :