ԱՄՆ տեղափոխված հայերի ճակատագիրը

31-01-2017 17:59:05   | Հայաստան  |  Հասարակություն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում Մերձավոր Արեւելքից եւ այլ տարածաշրջաններից ԱՄՆ տեղափոխված հայերին կոչ է անում դուրս չգալ երկրի տարածքից, քանի որ այդ դեպքում հնարավոր է նրանց թույլ չտրվի վերադառնալ: Հայտարարության մեջ նշվում է նաեւ այն մասին, որ շատ հայեր էլ ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս:

Հայտարարությունը կապված է միգրանտների հարցում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ: Նա արգելել է մի շարք երկրներից փախստականների մուտքը երկիր, պատ է կառուցում Մեքսիկայի հետ սահմանին, խստացնում է միգրացիայի քաղաքականությունը:

Հայտնի է դարձել, որ վերջերս Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թբիլիսի-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը տեղափոխում էր եվրոպական տարբեր երկրներից արտաքսված հայերի՝ 120 մարդ: Հրապարակ թերթին նրանք պատմել են, որ տվյալ երկրի ոստիկանության աշխատակիցները մտել են բնակարան, աշխատավայր, նրանց ձերբակալել ու իրենց կամքին հակառակ ուղղակի տարել օդանավակայան:

Մերձավոր Արեւելքի իրադարձություններից հետո միգրացիոն ահռելի հոսքեր են սկսվել դեպի Արեւմտյան երկրներ: Մարդիկ ստանում են փախստականի կարգավիճակ, ստանում նպաստներ, որոնք հավասար են տվյալ երկրների քաղաքացիների աշխատավարձերին: Միգրացիոն հոսքերը լուրջ սոցիալ-տնտեսական, մշակութաբանական, արժեքային եւ այլ բնույթի խնդիրներ են առաջացնում, դրանք փաստացի սկսել են վտանգ ներկայացել այդ երկրների համար:

Եվրոպայում նույնպես նկատելի են միտումներ՝ խստացնելու միգրացիոն քաղաքականությունը: Չնայած ձախ-լիբերալ շրջանակների ու հիմնականում նրանց ազդեցության տակ գտնվող առաջատար արեւմտյան ԶԼՄ-ների քննադատությանը, խնդիրը գնալով ավելի է սրվում եւ լուծում է պահանջում: Ձախ-լիբերալիզմն ընդհանրապես «հետաքրքիր» գաղափարախոսություն է՝ մուլտիկուլտուրիզմի, հանդուրժողականության եւ հումանիստական այլ գաղափարների ծայրահեղացումն ի վերջո հանգեցնում է ագրեսիայի ու ազգայնականության աճին, եթե ժամանակին լուծում չգտնեն այս խնդիրները:

Հայերի դեպքում նույնպես այս խնդիրը լուրջ է: Եթե Ռուսաստան մեկնող հայերը գնում են այնտեղ աշխատելու, ապա արեւմտյան երկրներ հայերը մի զգալի մասով գնում են թոշակի ու նպաստի վրա «նստելու», կամ զբաղվում են գողությամբ: Ըստ ամենայնի, միգրացիոն քաղաքականության խստացմանը զուգահեռ, կմեծանա Հայաստան վերադարձվողների թիվը, ինչպես նաեւ կբարդանա այստեղից արեւմտյան երկրներում հաստատվելու փորձը:

Իր հերթին, եթե Ռուսաստանում տնտեսական իրավիճակը չբարելավվի, հնարավոր է այնտեղից նույնպես ներհոսք սկսվի Հայաստան:

Հայաստանի իշխանության քաղաքականությունը տարիներ շարունակ ուղղված է եղել Հայաստանից աշխատուժ արտահանելուն: Դա մի կողմից ապահովում էր տրանսֆերտների ներհոսք, մյուս կողմից՝ երկրից հեռացվում էր կրիտիկական զանգվածը՝ «մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»՝ այս հանգամանքը խոստովանել էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երեւում է՝ գալու են ու հեղափոխություն անեն: Մանավանդ եթե Հայաստանին նոր աշխարհակարգում դեր վերապահվի:

lragir.am

 

 

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից