ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԿԱՄԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՄԲ...

31-01-2017 17:35:17   | Իրան  |  Հոդվածներ
 
Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում:
 
Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը:
 
Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների միջեւ արդէն 25-ամեայ կենսագրութիւն ունեցող քաղաքական եւ մասնաւորապէս անվտանգութեան համահունչ հետաքրքրութիւնների մասին:
 
Ապա՝ գեներալ Դեհղանի կողմից հայաստանցի գործընկերոջը հրաւիրելու նախաձեռնութիւնը յուշում է այն մասին, որ երկու հարեւան ու բարեկամ երկրների պաշտպանական եւ յատկապէս անվտանգութեան նկատառումները վերաթարմացման ու խորքային քննարկման ենթարկւելու անհրաժեշտութիւն ունեն, յատկապէս տարածաշրջանային ու միջազգային աշխարհագրա-քաղաքական նորօրեայ նկատառումներից ելնելով:
Միւս կողմից, ՀՀ ՊՆ գերատեսչութեան ղեկավարը պաշտպանական ոլորտից բացի, անվտանգութեան ու քաղաքական առնչութիւնների վերաբերեալ տեսակցութիւններին առընթեր համապատասխան քննարկումներ է կատարելու ԻԻՀ գործադիր թէ՛ օրէնսդիր ատեանների բարձրաստիճան պատասխանատուների հետ, որն էլ իր հերթին ընդգծելու է թեհրանեան այցի ուշագրաւութիւնն ու կարեւորութիւնը:
 
Ի վերջոյ, հայրենի պետութեան պաշտպանութեան նախարարի այցը համընկնելով հայոց յաղթական բանակի 25-րդ բարեբաստիկ տարեդարձին, աւելիով է հոգեհարազատ ընթացք հաղորդելու ամենահայաստանամերձ համայնքի հայրենասէր անդամների ու միաւորների հետ հանդիպմանը, որտեղ երկուստեք խթանելու է թէ՛ միջպետական եւ թէ՛ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ամրապնդման ճամբին ցուցաբերւող կամքի արտայայտութեանը:
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ 
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից