Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրներ են.Ֆրիդոմ Հաուս
31-01-2017 18:42:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2017 թվականին» զեկույցը՝ գնահատելով ազատության մակարդակն աշխարհում: Մասնավորապես, հաշվի է առնվում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակը: Երկրները գնահատվել են 0-100 սանդղակով, որտեղ 100-ը լավագույնն է: Երկրները գնահատվել են որպես ազատ, մասամբ ազատ և անազատ:
Հայաստանը 45 միավորով մասամբ ազատ երկրների թվում է: Այս շարքում է նաև Լեռնային Ղարաբաղը, որն ստացել է 33 միավոր: Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Թուրքիան ևս մասամբ ազատ երկրի թվում են: Թուրքիան ամենամեծ հետընթաց արձանագրած երկրների շարքում է: 10 տարվա ընթացքում Թուրքիան նահանջել է 28 կետով: Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն անազատ երկրների շարքում են:
Առավելագույն 100 միավոր են ստացել Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Ամենից անազատ երկրներին են Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Ուզբեկստանը, Հարավային Սուդանը:
Ըստ Ֆրիդոմ Հաուսի՝ աշխարհի բնակչության 39%-ն ապրում է ազատ երկրներում, 25%-ը՝ մասամբ ազատ երկրներում, 36%-ը՝ անազատ երկրներում: