Յոթ երկրների ցանկի հետևում տեսանելի քաղաքականությունը.Շահան Գանտահարյան


Յոթ երկրների ցանկի հետևում տեսանելի քաղաքականությունը.Շահան Գանտահարյան

  • 01-02-2017 12:12:01   | Լիբանան  |  Վերլուծություն

 
 
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման միտումներով:
 
Ավելի պարզեցված եւ ընդհանրացած պատկերով` իսլամաֆոբիայով բնութագրվող նոր խաչակրությունների ձեւավորումով, մյուս կողմից աշխարհին սպառնացող կրոնական անվան տակ կիրառվող միջազգային ահաբեկչության դեմ պայքարի զինվորաքաղաքական սլաքների միացյալ ճշտումով:
 
Հիմա աշխարհը կենտրոնացել է Վաշինգտոնի ճշտած յոթ երկիրներից փախստական- գաղթականներ Ամերիկա չընդունելու որոշման գործնականացման քայլերի վրա: Գործընթացի իրավական կասեցումը բավարար չի եղել հանդարտեցնելու համատարած անհանգստությունն ու բողոքի ալիքը:
 
Սակայն չպետք է մոռանալ, որ ձեռնարկված քայլերը համահունչ են Թրամփի նախընտրական ճառերի առիթով հայտարարված ընդհանուր ուղղությանը: 
 
Նման երկրներում համոզում է, որ քաղաքական ծրագրերը, նախընտրական հայտարարությունները, խոստումները անհատական բնույթ չեն ունենում: Որքան էլ որ նոր նախագահը ներկայացվի իբրեւ պետական հաստատություններին եւ  կառույցներին շրջանցած եւ գործարար շրջանակից ուղղակի նախագահական աթոռին ոստում կատարած անձ, այնուամենայնիվ միամտություն պիտի լիներ մտածել,  որ  Թրամփի  հետևում չի գործել  ու  չի  գործում  ամերիկյան  վարչարարությունը,  որը  թվում է,  որ  ԱՄՆ-ի  արտաքին-ներքին քաղաքականությունների  շրջադարձ կատարելու որոշում է կայացրել: Մնացյալը, անձի ընտրությունը եւ այդ անձը միջոց ծառայեցնելով շրջադարձ ապահովելու քաղաքականությունը պետական ձեռագիր ունի եւ այստեղ Թրամփը պարզապես խոսափողի, երեւացող դեմքի դեր վերցնողն է, թեկուզ ամենաբարձր մակարդակի վրա:
 
Այն վարչարարությունը, որն ընտրել տվեց նման անձնավորությանը, կանխատեսելի  էր դարձնում նաեւ հետագա քաղաքականությունը: Անկանխատեսելի կերպարի ճամբով տեսանելի քաղաքականություն:
 
Կենտրոնանաք յոթ երկրների երեւույթի վրա, այնտեղ նկատելու համար կրոնական երեսը եւ ահաբեկչությունը իրարից անջատել-չանջատելու հակասությունները: Եթե ընդհանուր իսլամաֆոբիայի  պարունակում փորձենք պարզունակ հայացքով դիտարկել երեւույթը, ապա պիտի նկատենք որ յոթը այդ դեպքում շատ անբավարար թիվ է եւ նշված երկրներից շատ ավելի կրոնական ծայրահեղությամբ հանդես եկող երկրներ ու պետություններ կան այսօր ամենաբացահայտ ձեւով: Իսկ եթե  մի պահ Թրամփի հստակացումներին վերադառնանք, որ ցանկի կազմությունը կրոնական շարժառիթ չունի, այլ նպատակ ունի ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը, այդ դեպքում  եւս  ցանկի  հավաստիությունը  խիստ  խնդրո  առարկա է դառնում: 
 
Միջազգային, նույնինքն ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները եւ վերլուծական կենտրոնները կրոնական ծայրահեղականության վրա հիմնված ժամանակի ահաբեկչության հետ ուղղակի անուղղակի կապում են երկու գլխավոր պետություն, որոնք բացակայում են Թրամփի հայտարարած ցանկից: Սաուդյան Արաբիան, իբրեւ ամենածայրահեղ կրոնական օրենքներով ղեկավարվող երկիր, հոգեւոր սնուցիչ է համարվում նմանօրինակ շարժումների, մինչ Թուրքիան ավելի բացահայտ փաստերով բազմաթիվ կենտրոններում բնութագրվել է իբրեւ ահաբեկչական խմբակներ ֆինանսավորող, ապաստան տրամադրող, աջակցող եւ իր սահմաններից հարեւան երկրներ անարգել անցումը կառավարած երկիր: 
 
Խնդիրը ուրեմն, ոչ իսլամաֆոբիայի եւ ոչ էլ ահաբեկչություն հովանավորող պետություններին է վերաբերում: Խնդիրը քաղաքական գործընթացներին բեւեռի ազդեցության ոլորտները պահպանելու եւ ընդարձակելու շարժառիթներին է առնչվում, որին հետեվում է նաեւ ապահովական գոտիների (ազդեցության գոտիների) ձեւավորման նպատակով բանակցությունների մեկնարկն է:
 
Թրամփը ընդամենը երեւացող խոսափող է, միջոց ամերիկյան վարչարարության առաջադրած ներքին-արտաքին քաղաքականությունների շրջադարձերին: Ընթացիկ քաղաքականությունը արտաքին իմաստով քաոսային վիճակներ ստեղծելով  է հատկանշվում: Նախադրյալներ կան, որ այդ բնութագիրը սկսվի օգտագործվել  ներքին հասկացողություններով եւս:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն