Լուսնի վրա Երկիր մոլորակից տեղափոխված թթվածնի մասնիկներ են հայտնաբերվել


Լուսնի վրա Երկիր մոլորակից տեղափոխված թթվածնի մասնիկներ են հայտնաբերվել

  • 01-02-2017 12:46:35   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Լուսնի վրա Երկիր մոլորակից տեղափոխված թթվածնի մասնիկներ են հայտնաբերվել, ընդ որում դրանք այնտեղ են հայտնվել մոտ 2.4 մլրդ տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Tass-ը, հղում կատարելով ճապոնական Օսակա համալսարանի հետազոտողների տվյալներին:
 
Ճապոնացի գիտնականները վերլուծել են «Kaguya» գիտական ապարատի հետազոտության տվյլաները, որը տիեզերք էր ուղարկվել դեռևս 10 տարի առաջ`  Երկիր մոլորակի արբանյակն ուսումնասիրելու համար: Արդյունքում հաջողվել է պարզել, որ այն ժամանակաշրջանում, երբ Լուսինը, Արեգակը և Երկիր մոլորակը գտնվում են մեկ հարթության վրա, Երկիր մոլորակի մթնոլորտից թթվածնի իոնները տեղափոխվում են լուսին: Իոնները 384 հազար կմ տարածություն կարողանում են անցնել էներգետիկ արևային քամիների միջոցով: Այլ դեպքերում Լուսնի շուրջ գտնվող իոնների բնութագրերը տարբերվող են:
Մասնագետները նաև կարծում են, որ այս գործընթացն առաջին անգամ սկսվել է շուրջ 2.4 մլրդ տարի առաջ: Այդ ժամանակ տիեզերքում, այսպես կոչված, թթվածնային աղետ է տեղի ունեցել, ինչն էլ հանգեցրել է Երկրի մթնոլորտի կազմի զգալի փոփոխության և ազատ թթվածնի տեղափոխմանը մոլորակի մակերևույթ:
«Երկրի թթվածնի մի մասն արտադրվում է ֆոտոսինթեզի արդյունքում. ուսումնասիրությունը հաստատում է, որ մեր մոլորակի վրա տեղի ունեցող այս գործընթացներն ուղղակի ազդեցություն են ունենում լուսնի վրա», - տեղեկացրել է Օսակայի համալսարանի պրոֆեսոր Կենտարո Տերա Դան:
Լուսնի ուսումնասիրությանը մեծ տեղ է հատկացվում հատկապես Ճապոնիայում, մասնավորապես, 2007 թվականին տիեզերք բաց թողնված «Kaguya» ապարատը հնարավորություն է տվել բացառիկ բարձր որակի պատկերներ ստանալ Երկրի մակերեւույթի արբանյակից: Դրանք հետագայում օգտագործվել են Google ընկերության փորձագետների կողմից տիեզերական օբյեկտների եռաչափ մոդելների պատրաստման համար: 
Նշվում է, որ մոտ ապագայում ճապոնացի գիտնականները մտադիր են Լուսնի վրա գործարկել առաջին ինքնակառվարվող` Lander տիեզերանավը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ