Հակառակորդի կյանքի թելը կտրված է

01-02-2017 14:03:28   | Հայաստան  |  Հոդվածներ
Անկախ դեպքերից և դեմքերից, գործընթացները ծավալվում են հանուն կամ ընդդեմ համակարգի հետագա կյանքի: Վաղ թե ուշ՝ Սերժ Սարգսյանը կզոհաբերվի հանուն համակարգի: Նա այնքան է իրեն նույնացրել համակարգի հետ, որ իր նկատմամբ համատարած ատելությունը պրոյեկտվում է համակարգի վրա: Իրականում նրանք նույնն են, և երկրորդ մեկը չկա, որ այդքան նույնական լինի համակարգին:
 


Հենց այդ երևույթի բացահայտումն էլ անհանգստացնում է համակարգի տերերին և նրա շնորհիվ դիրք ու կարողություն ձեռք բերած խամաճիկներին: Նաև՝ դրանց ակնկալիքն ունեցող պատեհապաշտներին: Մոլորյալ անգիտակիցներին էլ Աստված օգնի:
Ապրիլյան քառօրյան բարակեցրեց, իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը կտրեց համակարգի կյանքի թելը:
Ազգային գիտակցությունը դանդաղ, հաճախ սայթաքելով ու ճանապարհից շեղվելով, սակայն կայուն ընթացքով հաղթահարում է տարիների ինքնախաբեության, կեղծիքի և սահմանափակության խճճված ցանցի արգելքները և շուտով դուրս կգա այդ տիրույթից:
Այդպես կլինի, որովհետև ազգային ոգու ներկայիս վիճակը դրական իմաստով անհամեմատելի է առայժմ տիրող իրականության հետ: Նրա ուժին, նրա պոռթկման զորությանը այս խարխուլ համակարգը չի կարող դիմանալ:
Կյանքը և ժամանակը «պահածոյացնելու» փորձերն իզուր են: Դրանք շատ կարճ տևողություն ունեն, քանի որ անմիջապես արտացոլվում են կենսական պահանջմունքերի գիտակցության «հայելու» մեջ և, բացահայտվելով որպես կեղծիք, կորցնում են իրենց ազդեցությունը: Ավելին, համակարգը վերածվել է «Շագրենի կաշվի»: Որքան նրան փրկելու փորձեր են անում, այնքան նա թուլանում և նվազում է, իսկ եթե չանեն, կպայթի: Կործանումն անխուսափելի է:
Մենք երկու խնդիր ունենք. 1) արագացնել և ավարտին հասցնել համակարգի կործանումը և 2) պատրաստ լինել, Ժիրայր Սէֆիլյանի պատկերավոր արտահայտությամբ ասած՝ բռնելու դրոշակն ընկնելու պահին:
Ընդվզումը, անկախ դրա բնույթից և գործողություններից, պարտադիր պայման է այդ խնդիրները լուծելու համար:
 
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ՝ Վարուժան Ավետիսյան,
«Արմավիր» ՔԿՀ,
24 հունվարի 2017թ.
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից