2017 թվականի հունվարի 1-ից ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից


2017 թվականի հունվարի 1-ից ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից

  • 01-02-2017 16:16:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից: ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի, ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն,  մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ:
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն: «Ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ նրանց կողմից ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք հարկերը: Հարկային արտոնություն ստանալու համար առավելագույն պարզեցված ընթացակարգ է նախատեսված. ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվեն գործունեության համապատասխան տեսակը և այն ժամանակահատվածը, որով ուզում են զբաղվել, իսկ հաջորդ աշխատանքային օրը ստանում  են հարկերից ազատման արտոնագիր՝ անվճար: Արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում»,-ընդգծել է Հրաչյա Մուրադյանը: 
2016 թվականի տվյալներով շուրջ 2000 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ: Հրաչյա Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2017 թվականի հունվարին արդեն իսկ 813 ինքնազբաղված դիմել է հարկային արտոնությունից օգտվելու համար:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play