Առաջին Նորարարական ԵԵՊ Համաժողովը Երևանում


Առաջին Նորարարական ԵԵՊ Համաժողովը Երևանում

  • 02-02-2017 12:49:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի փետրվարի 3-ից 6-ը Երևանում տեղի կունենա Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի՝ «ԱՅՍՕՐ նորարարության համար» խորագիրը կրող առաջին նորարարական համաժողովը: Երևանը կդառնա տեղացի և օտարերկրյա 120 երիտասարդ առաջնորդների՝ սոցիալական մարտահրավերներին առնչվող նորարարական գաղափարներ ու լուծումներ առաջարկելու հարթակ:
 
«ԱՅՍՕՐ նորարարության համար» քառօրյա համաժողովը կհանդիսանա Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը խրախուսող, երկրի նորարարական կարողությունները խթանող ու դրանց մասին բարձրաձայնող երիտասարդական նախաձեռնություն: Համաժողովը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից:
Համաժողովի չորս օրերի ընթացքում մասնակիցները՝ ընդգրկված վեց հանձնաժողովներում, կքննարկեն հասարակական նորարարությանը և ձեռնարկատիրությանը վերաբերող նորարարական լուծումներ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ստարտափների գործունեության խթանումը, փախստականների ինտեգրումը աշխատաշուկայում, կանանց դերը գիտության ու տնտեսագիտական ոլորտներում, թվային միասնական շուկայի (DSM) զարգացումը, սննդի անտանգությունը: Խնդիրների շուրջ երիտասարդների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ԵԵՊ միջազգային գրասենյակի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դատին: Մշակված լուծումները կներկայացվեն նաև մի շարք տեղական և միջազգային ձեռնարկությունների՝ դրանց հետագա իրագործման ակնկալիքով:
 
Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած հայ պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ս.թ. ապրիլ ամսին Նորվեգիայում կայանալիք ԵԵՊ գլխավոր միջազգային համաժողովին:
 
Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում կապ հաստատել համաժողովի
գլխավոր կազմակերպիչ Տաթևիկ Մկրտումյանի հետ՝ հեռ. +374 91 704515, էլ. հասցե. aysor@eyparmenia.org
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն