ՔԿՀ-ներում հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ԱՆ-ին հանձնարարվեց նոր գործիքակազմեր մշակել


ՔԿՀ-ներում հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ԱՆ-ին հանձնարարվեց նոր գործիքակազմեր մշակել

  • 02-02-2017 15:39:19   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարության փետրվարի 2-ին կայացած նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, հատկապես կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը և այդ թվում` մասնավոր կազմակեպություններին պատվիրակելու հնարավորությունը, ինչպես նաև մշակել նոր գործիքակազմեր հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար: 
 
Գործադիրի ղեկավարը նկատեց. «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածների, դատապարտյալների սնունդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխման խնդիր կա»: 
Կ. Կարապետյանն Արփինե Հովհաննիսյանի առջև նաև խնդիր դրեց ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատորողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը՝ ուղղված թե՛ նորաբաց «Արմավիր» ՔԿ-ի ամբողջական շահագործմանը, թե՛  քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը ՔԿ-ներում:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացնելու համար մեկ ամիս ժամանակ տրվեց: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն