Նախկին ուսուցիչը շարունակում է բողոքել


Նախկին ուսուցիչը շարունակում է բողոքել

  • 02-02-2017 16:21:48   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

aravot.am. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի միջնակարգ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ, կառավարման խորհրդի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը տարիներ շարունակ հնարավոր բոլոր ատյաններին նամակներ է ուղարկել՝ ընդհուպ նախագահին, նախկին եւ ներկա վարչապետներին, գլխավոր դատախազին:
 
Խնդիրը վերաբերում է գյուղի դպրոցում, ըստ նրա՝ կատարված 1 մլն 200 000 դրամ չարաշահումներին եւ դպրոցի մասնաշենքի օտարմանը: Արմեն Խաչատրյանը պնդում է, որ դատական շրջապտույտներից հետո էլ բոլոր հարցերը մնացել են չլուծված: «Առավոտի» հետ զրույցում Խաչատրյանը նշում է, որ իր նպատակն այն չէ, որ որեւէ մանկավարժ դատապարտվի, բայց մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է 700 երեխա 3 հերթով դպրոց գնա՝ 300 երեխայի համար նախատեսված մասնաշենքում, ու տեղ չլինելու պատճառով 150 երեխա էլ սովորելու համար քաղաք հասնի: «Դեռեւս 2013թ. դպրոցի տնօրենի ընտրության կապակցությամբ հարցեր էին առաջացել: Ընտրությունների արդյունքում մեր գյուղից դպրոցի տնօրեն էր ընտրվել Դավիթ Դավթյանը, բայց մարզպետը չէր ցանկացել նրան տեսնել տնօրենի պաշտոնում, ու չեղյալ էր հայտարարել: Հետո ուղիղ մեկ տարի դպրոցի տնօրենի ընտրությունը ձգձգվեց, քանի որ մարզպետն ուզում էր դպրոցի տնօրեն դառնար Ռուզաննա Վարդանյանը, սակայն խորհուրդը նրան չընտրեց»,- ասում է մեր զրուցակիցը: Նա շեշտում է, որ մարզպետի պահանջով իրեն նույնիսկ ազատել էին աշխատանքից, որպեսզի կարողանային «անցկացնել» Ռուզաննա Վարդանյանին, բայց օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրության ժամանակահատվածում խորհրդի անդամների փոփոխություն լինի, ուստի կրկին վերականգնել էին: Դպրոցի տնօրեն էր ընտրվել Մարինե Ավետիսյանը: «Ինչ վերաբերում է Ռուզաննա Վարդանյանին, նրան ճանաչում էինք, մեր ուսուցիչն էր եւ աշխատում էր որպես դպրոցի փոխտնօրեն՝ դաստիարակության գծով, իսկ մյուս փոխտնօրենը՝ Աննա Մկրտչյանը, նշանակված էր որպես ժամանակավոր պաշտոնակատար… Անընդհատ ձգձգվում էր տնօրենի ընտրությունը, քանի որ մարզպետի կողմից նշանակված խորհրդի անդամները չէին ներկայանում եւ չէր ապահովվում քվորումը, որից հետո դպրոցի 4 ուսուցիչ բողոք ներկայացրեց դատախազություն՝ Աննա Մկրտչյանի եւ Ռուզաննա Վարդանյանի վերաբերյալ, որը գտնվելով ՌԴ-ում՝ կեղծ անաշխատունակության թերթիկ էր ներկայացրել ու աշխատավարձ ստացել: Նաեւ մասնակցել էր տնօրենների վերապատրաստման 15-օրյա դասընթացներին ու այդ օրերի համար վարձատրվել: Մյուս կողմը, որ տնօրեն էր ընտրվել, բայց մարզպետը չէր հաստատել, նույնպես բողոքել էր: Ես էլ որպես խորհրդի նախագահ՝ պաշտոնական գրություն գրեցի սեպտեմբերի 9-ին գլխավոր դատախազություն՝ Աննա Մկրտչյանի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ: Ու քանի որ ինձ էլ աշխատանքից ազատել էին, դիմեցի դատարան, որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս պետական հանձնարարություն կատարելու պարագայում աշխատանքից ազատել: Տվյալ պարագայում ես պետական հանձնարարություն եմ կատարում, կազմակերպում եմ տնօրենի ընտրությունների անցկացումը: Ցավոք, հաշվի չառան այդ հանգամանքները, եւ դատը չշահեցի: Դրանից առաջ էլ մարզպետի ցուցումով ինձ երկու անգամ ազատել էին, բայց կրկին վերականգնել»,-հավելում է թոշակառու ուսուցիչը:
 
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնից դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանին 2014թ. դեկտեմբերի 19-ին պատասխանել էին, որ Կոտայքի մարզպետարանին տրամադրվել է 31.05.2006թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ Պռոշյանի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու ուղղությամբ: Նաեւ հայտնվում էր, որ գրություն է ուղարկվել մարզպետարան՝ դպրոցի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու ուղղությամբ: Սակայն, ըստ Արմեն Խաչատրյանի, «սայլը տեղից չի շարժվել»: Ավելի վաղ՝ 28.10.2005թ. Կոտայքի մարզի դատախազ Գ. Միքայելյանը գրավոր պատասխանել էր, թե՝ «Դավիթ Դավթյանի կողմից դպրոցի երկու մասնաշենքերի, կաթսայատան եւ դպրոցի տարածքը որպես տնամերձեր վաճառքի վերաբերյալ հանցագործության նշավակներ չի հայտաբերվել»: Արմեն Խաչատրյանը դժգոհ է, որ ամենուր հարցը միտումնավոր ձգձգում են, հետո՝ փակում, ու տարբեր ատյաններից ընդհանրական պատասխաններ են ստացվում: Օրինակ, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լ. Պետրոսյանը 31.10.2016թ. պատասխանելով Խաչատրյանի կողմից՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասցեագրված եւ Կոտայքի մարզպետարան ուղարկված դիմումին, գրել է. «Նշված փաստերը քննության առարկա են դարձել նախաքննական մարմիններում եւ դատական ատյաններում: Ֆինանսական խախտումների հետեւանքով պատճառված վնասները վերականգնվել են»:
 
Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին հասցեագրված եւ Կոտայքի մարզպետին ուղղված դիմումին էլ է պատասխան տրվել, որը չի բավարարում դիմումատուին: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ի թիվս այլ հարցերի, նաեւ գրել է, որ ֆինանսական եւ նյութական վնասների վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր, իսկ քրեորեն հետապնդելի արարքների վերաբերյալ, ինչպես Արմեն Խաչատրյանը, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերը իրավասու են դիմել իրավապահ մարմիններին: Առկա է նաեւ դպրոցի տնօրեն Մարինե Ավետիսյանի՝ Կոտայքի մարզպետին ուղղված պատասխանը, որտեղ մասնավորապես ասվում է, որ դպրոցում 2012-ից մինչեւ 2016 թ. իրականացվել են ուսումնասիրություններ մարզպետարանի եւ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից: Նա նաեւ գրել է, որ 2012թ. ստուգումների ժամանակ հայտնաբերվել են մի քանի խախտումներ, որից հետո տնօրեն Մ. Պետրոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ գլխավոր հաշվապահ Լ. Հովսեփյանը ստացել է խիստ նկատողություն: «Հետագայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մկրտչյանի եւ իմ հսկողությամբ վերականգնվել է ֆինանսական վնասը»,- ասվում է Մարինե Ավետիսյանի պատասխանում:
 
Ինչ վերաբերում է վիճելի մասնաշենքերին, տնօրենի ներկայացմամբ, 2002 թվականից դրանք չկան դպրոցի սեփականության վկայականում եւ 2013-ից հանված են գույքացուցակից: Ըստ Մարինե Ավետիսյանի նամակի, Արմեն Խաչատրյանի բողոքում նշված 1200000 դրամի հափշտակությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ ստուգումների ժամանակ ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել:   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն