Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը լիարժեքորեն և մատչելի գներով բուժվող հիվանդություն է. մասնագետ (տեսանյութ)


Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը լիարժեքորեն և մատչելի գներով բուժվող հիվանդություն է. մասնագետ (տեսանյութ)

  • 03-02-2017 15:52:18   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը մահանում է քաղցկեղից, այդուհանդերձ այստեղ կարելի է լիարժեքորեն և մատչելի գներով բուժել կրծքագեղձի քաղցկեղը:  Այս մասին քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ընթացքում արձանագրեց Գինեկոլոգ-ուռուցքբան. բ.գ.թ. «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Արտեմ Ստեփանյանը: 
 
Ըստ նրա, եթե տարիներ առաջ կրծքագեղձի կամ կանացի այլ օրգանների քաղցկեղը համարվում էր անբուժելի հիվանդություն, իսկ հիվանդները դատապարտված էին մահվան, ապա ներկայումս թե կրծքագեղձի, թե կանացի այլ օրգանների քաղցկեղը կարելի է բուժել: 
«Ներկայումս ներ են դրվել նոր վիրահատական, բուժման եղանակներ, որոնք թույլ են տալիս շատ հիվանդների բուժել և ամբողջովին, եթե հիվանդությունը չի հայտնաբերվել 4-րդ փուլում,  և առնվազն երկար կյանք ապահովել նրանց»,- նշեց նա` հավելելով, որ առայժմ ամենավատ ցուցանիշներն արձանագրվում են ձվարանների քաղցկեղի դեպքում: 
Մասնագետի պնդմամբ`  Հայաստանում քաղցկեղի առաջացման հիմնական և բուն պատճառը ոչ ճիշտ ապրելակերպն է, նաև ամեն օր օգտագործվող սննունդը և հիպոդինամիան: 
Նա հորդորեց քաղցկեղին վերաբերել որպես ոչ լիարժեքորեն ուսումնասիրված հիվանդություն, որի համար պատրաստի դեղատոմսեր չկան: 
Ուռուցքաբան. բ.գ.թ . «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանն իր հերթին փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ արագ կերպով զարգանում է ուռուցքաբանությունը, ինչն ավելի շատ պայմանավորված է անհատ մասնագետների կամ կլինիկաների ձեռքբերումների հետ: 
Լ. Բադալյանի խոսքերով` դեռևս համակարգային լուծումների և զարգացումների մասին  խոսել հնարավոր չէ, քանի որ նման մոտեցումը բացակայում է, մինչդեռ եվրոպական երկրներում կրթություն ստացած, եվրոպացի բժիշկների հետ սերտորեն համագործակցող տեղի մասնագետների և խոշոր ներդրումներ իրականացրած կլինիկաների գործունեության արդյունքում ոլորտի զարգացումն էականորեն տարբերվում է հինգ կամ տասը տարի առաջ տիրող իրավիճակից: 
«Կան կոնկրետ ուղղություններ, որոնք բավականին զարգացել են. օրինակ` նույն Արտեմ Ստեփանյանի կողմից արվող ունիկալ վիրահատությունները, որոնք համաշխահային մակարդակով համարվում են բարձրագույն պրոֆեսիոնալիզմի դրսևորում»,- ասաց նա` ընդգծելով, որ Հայաստանում արդեն կիրառվում են հետազոտության և ախտորոշման այնպիսի հզոր սարքեր, որոնք կիրառվում են արտերկրում: 
Լ. Բադալյանը նաև փաստեց, որ Հայաստանում դեռևս չկա միայն պոզիտրոնո-էմիսիոն տոնոգրաֆիայի սարքը, որի ներմուծմամբ զբաղվում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
Նրա փոխանցմամբ` քիմիոթերապիայի դեպքում գրեթե բոլոր անհրաժեշտ դեղորամիջոցները Հայաստանում կան, նաև հետևում են արևմտյան բժշկական պրոտոկոլներին:
Ուռուցքաբանն առանձնարցրեց Հայաստանին բնորոշ ևս մեկ խնդիր, այն է` այստեղ բացակայում է բժիշկների փոխգործակցությունը` ելնելով հիվանդի շահերից:   
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն