Շատ հաճախ վնասվածքից առաջացած ցավի դիմակի տակ թաքնված է ոսկրային ուռուցքը. ուռուցքաբան-օրթոպեդ (տեսանյութ)


Շատ հաճախ վնասվածքից առաջացած ցավի դիմակի տակ թաքնված է ոսկրային ուռուցքը. ուռուցքաբան-օրթոպեդ (տեսանյութ)

  • 03-02-2017 17:04:46   | Հայաստան  |  Հասարակություն



Շատ հաճախ վնասվածքից առաջացած ցավի դիմակի տակ թաքնված է ոսկրային ուռուցքը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ուռուցքաբան-օրթոպեդ, բ.գ.թ. «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը: 
 
Ըստ նրա`  դա է պատճառը, որ ընդհանուր վնասվածքաբաները պետք է շատ զգոն լինեն հիվանդի գանգատների նկատմամբ, որոնք կարող են առաջանալ ինչպես վնասվածքի պահին, այնպես էլ դրանից հետո, որպեսզի նրանց ուղղորդեն համապատասխան մասնագետների մոտ ավելի խորացված հետազոտություն անցնելու համար: 
Գ. Գալուստյանի բնորոշմամբ` ոսկրային ուռուցքները հիվանդությունների մի մեծ խումբ է, որով հիմնականում ախտահարվում են երեխաներն ու դեռահասները, ինչը լուրջ սթրեսային և հոգեբանական խնդիրներ է առաջացնում թե երեխաների, թե նրանց հարազատների մոտ: 
«Հոգեբանական լարվածություն ունենում են նաև բժիշկները, քանի որ որոշվում է ոչ միայն հիվանդի վերջույթների, այլև կյանքի հարցը. այստեղ շատ մեծ է քիմոթերապևտների դերը, որոնք անցկացնելով նախավիրահատական  բուժումը, կարողանում են պայմաններ ստեղծել վիրաբույժների համար, որպեսզի պահպանվեն վերջույթները»,- ասաց նա` ընդգծելով, որ մեծամասամբ ախտահարվում են երկար խողովակավոր ոսկրերը: 
Մասնագետի պնդմամբ, եթե նախկինում օնկոօրթոպեդիա մասնագիտությունն այնքան էլ զարգացած չէր և սովորաբար ոսկրային ուռուցքներ ունեցող  հիվանդներին կատարում էին հաշմող վիրահատություններ` չփրկելով հիվանդի կյանքը, ապա վերջին տասնամյակում արդեն հնարավորություն է ստեղծվել ազդել այսպես կոչված միկրոմետաստազների վրա, որոնցով որ պայմանավորված է հիվանդության վատ արդյունքը: 
Գ. Գալուստյանի խոսքերով` ներկայումս հնարավոր է վերացնել ինչպես այդ հիվանդության ընդահնուր տարածումը, այնպես էլ նախապայմաններ ստեղծել վիրահատական բուժման համար, որի ընթացքում մասնագետները կարողանում են հեռացնել ախտահարված ոսկրի տվյալ հատվածը` այն վերականգնելով անհատական էնդոպրոթեզների միջոցով: 
Ուռուցքաբան-օրթոպեդը նկատեց, որ ոսկրային քաղցկեղով ախտահարված հատվածի ոչ սպեցիֆիկ նշաներից են այտուցվածությունը և ցավը, ինչն էլ հաճախ հիվանդները վերագրում են այլ հիվանդություններին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play