2017թ. հունվարին «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 1735 հեռախոսազանգ


2017թ. հունվարին «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 1735 հեռախոսազանգ

  • 03-02-2017 16:55:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ինչպես նախարարություն մուտքագրված գրությունների, քաղաքացիների դիմումների կատարման ժամկետների, այնպես էլ նախարարության «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նկատմամբ:
 
2017թ. հունվարի 1-31-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 1735 հեռախոսազանգ:
 
Մեկ հեռախոսազանգ ստացվել է Հանքավան-Հրազդան թիվ 11 երթուղու բացակայության վերաբերյալ: Հեռախոսազանգն ստանալուն պես միջոցներ են ձեռնարկվել խնդիրը պարզելու համար: Ձեռնարկված միջոցների մասին տեղեկացվել է քաղաքացուն, ով իր գոհունակությունն է հայտնել ՀՀ տրանսպորտային 
տեսչության աշխատակիցների արագ արձագանքի և ձեռնարկված միջոցների արդյունավետության վերաբերյալ:
 
Նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մյուս ահազանգը վերաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ Երևանի թիվ 2 փոստային բաժանմունքի աշխատանքին: Հեռախոսազանգն ստանալուն պես նախարարության աշխատակազմի փոստի վարչությունը համապատասխան բովանդակությամբ հարցում է կատարել «Հայփոստ» ՓԲԸ-ին և այդ մասին տեղյակ է պահվել քաղաքացուն: Հարցման պատասխանը ստանալուց հետո քաղաքացին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի:
 
Երևան - Դվին երթուղու աշխատանքի վերաբերյալ նախարարությունում ստացված հեռախոսազանգի առնչությամբ հանձնարարական է տրվել ՀՀ տրանսպորտային տեսչությանը՝ դժգոհության տեղիք տված խնդիրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
 
«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մյուս հեռախոսազանգը վերաբերել է Երևան-Նոյեմբերյան և Դիլիջան-Ոսկեպար-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ստեղծված վթարային իրավիճակին: Քաղաքացին նշել է, որ նշված ճանապարհահատվածը սառցապատ է: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ավտոճանապարհի նշված հատվածի մերկասառույցը մաքրելու և անցանելիությունն ապահովելու ուղղությամբ:
 
Առիթն օգտագործելով՝ մեկ անգամ ևս վարորդներին հորդորում ենք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ապահովել մեքենաների տեխնիկապես սարքին վիճակը:
 
Սպառիչ պատասխանվել է հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի վերաբերյալ քաղաքացիների 31 հարցերին
 
Եվս 31 հեռախոսազանգ ստացվել է հեռուստատեսային ընդունիչ սարքերի համալրման, հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման, հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և 
ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի մասնագետների կողմից նշված բոլոր հեռախոսազանգերին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և խորհրդատվություն:
 
Շուրջ 1700 քաղաքացու օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվել ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ
 
2017թ. հունվար ամսին «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 1700 քաղաքացու:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ թեպետ նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն է տրամադրվում ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, սակայն այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների 
անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
 
Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործում է շուրջօրյա:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են հատուկ ռեժիմով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն