Ռոյալթիների վճարման նոր կարգը` լեռնահանքային ոլորտի զարգացման խթան


Ռոյալթիների վճարման նոր կարգը` լեռնահանքային ոլորտի զարգացման խթան

  • 03-02-2017 18:31:03   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:
 
Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին՝ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում համապատասխան օրենսդրական առաջարկություններ`2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսելու մեղմացնող փոփոխություններ: Արդյունքում ` հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կկիրառվի 80% սահմանաչափ: Կհասհմանվի նաև մինչև օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատում:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշել է, որ Կառավարությունն առաջին անգամ է արձագանքում լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին, և սա ոլորտի համար լուրջ բարեփոխում է: Նախարարը ներկաներից հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա որոշումը ոլորտի ակտիվության վրա: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Դավիթ Եդիգարյանը, շնորհակալություն հայտնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը որոշման համար, նշել է, որ արդյունքում նոր ներդրումներ են ակնկալվում: Նախարարը ներկաների հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր ևս:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն