Ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը. Այն կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր. ՀՀ վարչապետ


Ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը. Այն կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր. ՀՀ վարչապետ

  • 03-02-2017 19:45:02   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի:  Կառավարության ղեկավարը նախ եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին: Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար: «Անհրաժեշտ է աշխատել զբոսաշրջային գործակալությունների հետ: Պետք է համապատասխան դաշտ ստեղծել, որպեսզի բիզնեսը գա օդանավակայան, մատուցվեն տարբեր ծառայություններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ կլինեն նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք տարբեր ուղղություններով թռիչքներ կկազմակերպեն Գյումրիից: 
Վարչապետին են ներկայացվել Գյումրիի ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում: 
Կառավարության ղեկավարը եղել է նաև «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում, որն իր դռները բացել է այսօր: Կարեն Կարապետյանը ծանոթացել է կենտրոնում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, եղել կինոյի, երաժշտության, քանդակագործության, արվեստի, արհեստի և խոհանոցային սրահներում: Կենտրոնում գործելու են տարբեր խմբակներ, իրականացվելու են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր:
Այնուհետև Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքով, մասնավորապես, Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցներով, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, ծանոթացել դրանց ներկայիս վիճակին և դրանց առնչվող մասնավոր նախագծերին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին ներկա են եղել  պոտենցիալ ներդրողներ, շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը հնարավորություն կտա խթանել Գյումրիում տնտեսությունը և զբոսաշրջությունը: Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ: 
Շնորհանդեսի բացման խոսքում վարչապետ Կարապետյանը նշել է. «Մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր: Եվ ամենակարևորը, այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, որովհետև բոլորս և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված ենք, որպեսզի Գյումրիում կատարվեն ներդրումներ: Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը տալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:     
Շնորհանդեսի ընթացքում, կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա, մանրամասն ներկայացվել են ծրագրի տնտեսական հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ներդրումների հետվերադարձելիության մոտավոր ժամկետները, գնահատված ռիսկերը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվելու է 7 հազար 700 քմ տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային,  նաև հարևան Վրաստանի փորձը: 
Շնորհանդեսի շրջանակում ծավալվել է առարկայական քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մի շարք բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում պատրաստակամություն են հայտնել մասնակցել և ներդրումային միջոցներ ուղղել Գյումրիի զարգացմանն ուղղված այս ծրագրին:     
Կարեն Կարապետյանն, անդրադառնալով միջոցների հետվերադարձելիության վերաբերյալ ներկայացված  վերլուծություններին, նշել է, որ դրանք համարում է իրատեսական: «Որպես նախկին բիզնեսմեն, ով բիզնեսում եղել է հաջողակ, ցանկանում եմ հավաստիացնել, որ ներդրված միջոցների հետվերադարձելիությունը լինելու է ավելի արագ, ներդրումային ֆոնդի առկայությունը չի սահմանափակելու բիզնեսմենների՝ որոշում կայացնելու ազատության աստիճանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն ունի 55 մլն դոլարի ծրագիր, որը նախապես վերաբաշխվել է ՀՀ տարբեր տարածաշրջանների վրա: «Մենք մտադիր ենք բանակցել և այդ ծրագրերի միջոցների որոշակի մասն ուղղել այս ներդրումային հիմնադրամ, ինչը նախատեսված չէր: Ֆոնդի հիմնումը և այս փողոցների վերականգնումը կարևորում ենք՝ որպես բիզնես գործընթացների ակտիվացման կատալիզատոր և պետությունն իր բոլոր գործիքակազմերով, բյուջետային ու դրամաշնորհային հնարավորություններով լինելու է այս հիմնադրամի կողքին»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:      
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները, միաժամանակ շարունակել ներդրողների հետ ակտիվ համագործակցությունը ծրագրի իրականացման նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն