ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները կշարունակվեն


ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները կշարունակվեն

  • 06-02-2017 13:52:25   | Հայաստան  |  Տնտեսություն

 Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքներն այս տարի կշարունակվեն։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի և շինությունների արդիականացման նախագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։
 
Արդյունքում կմշակվի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը:
Ըստ Արտեմ Պետրոսյանի, էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, որոնք նախատեսված էին 2016թ., հաջողությամբ ավարտել են։ Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով: 
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն: 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն