Դիզվառելիքի 30 դրամով թանկացումն արագացնելու է ուղևորափոխադրողների դանդաղ մահը. ոլորտի մասնագետների ահազանգը (Տեսանյութ)


Դիզվառելիքի 30 դրամով թանկացումն արագացնելու է ուղևորափոխադրողների դանդաղ մահը. ոլորտի մասնագետների ահազանգը (Տեսանյութ)

  • 06-02-2017 14:54:33   | Հայաստան  |  Հասարակություն



«Դիզվառելիքի 30 դրամով թանկացումն արագացնելու է ուղևորափոխադրողների դանդաղ մահը»,- ահազանգում են ոլորտի մասնագետները: Լրագրողների հետ փետրվարի 6-ին կայացած հանդիպման ընթացքում Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նախ տվյալներ ներկայացրեց վերջին տարիներին փակված երթուղիների վերաբերյալ: 
 
Ըստ նրա` ներկայումս բոլոր փոխադրողներն աշխատում են վնասով, 15 երթուղի փակվել է,  արդյունքում 30-40 հազար ուղևորներ Ա կետից Բ կետ հասնելու համար ծախսում են 200 դրամ: 
«Դիզվառելիքը նորից թանկացել է, հիշո՞ւմ եք գազի հետ կապված փորձեցին թանկացնել, էլի մի քիչ աղմուկ աղաղակ արեցինք, իջեցրին գները, հիմա դիզվառելիքն են թանկացնում, այսինքն` դիզավառելիքի թանկացումով էլ ուղիղ հարված են հասցնում փոխադրողներից ամենախոցելի ու անպաշտպան խավին` ավտոբուսներին»,- ասաց նա` ընդգծելով, որ այս թանկացումը լավագույն ձևն է ոլորտը վերջնականապես տապալելու համար: 
«ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանի հաշվարկներով 1 լիտր դիզվառելիքի 30 դրամով թանկացումը 20 մեքենա շահագործող ուղևորափոխդրողի համար ամսական կազմում է 900 հազար դրամ: 
Նրա խոսքերով` իրենց համար դիզվառելիքի թանկացման պատճառներն անհայտ են, մինչդեռ պատկան մարմինները ուղևորափոխադրողներին անգամ չեն փոխհատուցում անվճար երթևեկելու թույլտվություն ունեցողների ուղևորավարձը:
Պ. Միհրանյանի գնահատմամբ` ստեղծված իրավիճակում ակնհայտ երևում է, որ հասարակական տրանսպորտը գտնվում է լքված վիճակում, իսկ ուղևորափոխադրողների միակ ելքը երթուղուց հրաժարվելն է: 
«Ռուսաստանի Դաշնությունում հասարական տրանսպորտի ղեկին հիմնականում հայ վարորդներն են, սա շատ ցավոտ  հարց է ինձ համար և կարծում եմ, որ սրա դեմը պետք է առնենք»,- նշեց «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրենը` ընդգծելով, որ հասարակական տրանսպորտից դժգոհությունները ևս պատճառ են երկրում արտագաղթի ծավալների ավելացմանը: 
Բանախոսի պնդմամբ` հասարակական տրանսպորտի ոլորտը բարելավելու և առկա խնդիրները լուծելու համար ոչ միայն դիզվառելիքը չպետք է թանկանա, այլև նվազեցվեն ուղևորափոխադրողների հարկային պարտավորություննեը. «Մենք պատրաստ ենք ներդրումներ անել, նոր ավտոբուսներ շահագործել, բայց երբ տեսնում ես, որ մինուսով ես աշխատում, էլ ո՞նց կբարելավվես: Մեր մասին մտածող չկա, ով արթնանումա մի բան թանկացնումա, բա մենք ի՞նչ անենք, ինչը՞ թանկացնենք»:
Պ. Միհրանյանի փոխանցմամբ` ոլորտում առկա խնդիրների և դիզվառելիքի թանկացման հետևանքների մասին իրենց մտահոգություններով դիմել են պատկան բոլոր մարմիններին, սակայն պատասխանը մեկն է. «Ձեռք չի տալիս, հրաժարվեք»: 
Ուղևորափոխադրողները երկու պահանջ ունենք, նախ իջեցնել դիզվառելիքի բարձրացված գները, ապա թեթևացնել հարկային բեռը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն