Դավիթ Լոքյանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը


Դավիթ Լոքյանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը

  • 06-02-2017 18:18:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման:
 
«Ձեզ բոլորիդ հայտնի է, որ մեր երկրում լուրջ տարածքային անհամաչափություն կա, երկրի ՀՆԱ-ի շուրջ 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երևանը. մարզերում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, և այն համախառն արդյունքը, որ ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է:Կառավարության ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. ծանոթանալ յուրաքանչյուր մարզի բնական, արտադրական, մարդկային կապիտալի հնարավորություններին,   դրանց հիման վրա  կառավարություն ծրագրեր ներկայացնել, քննարկել դրանք և արդյունքում` համապատասխան պետական աջակցությամբ մարզերում խթանել տնտեսական զարգացումը:   
Բոլորիս հայտնի է մի բան, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը խիստ սահմանափակ է, ներմուծումը մեծ է, և տնտեսական ձեռնարկությունների ակտիվությունը, ոգևորությունը, աշխատատեղ ստեղծելու խնդիրներում բավականին պասիվ է: Այս տեսակետից մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում. գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում մասնավորը պետության աջակցությամբ կսկսի ակտիվանալ, և պետության մեջ մեծ ավելացված արժեք կստեղծվի: Այն հայտարարությունները, այն լրատվությունը, որ  արտերկրում և  մեզ մոտ շրջանառվում է, որ մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ մենք ծրագրեր չունենք, որոնք կարելի է ֆինանսավորել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագիր: Եթե նույնիսկ մենք պատկերացնենք, որ այդ  ծրագրերի շուրջ 60 %-ը  ռիսկային է, ավելացված արժեք չեն ապահովի, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չեն բերի, այսինքն` պետության կողմից դրանց ֆինանսավորումը դառնում է ոչ այնքան արդյունավետ, ապա ստացված ծրագրերի հիման վրա կարող ենք ասել, որ 2017 թ-ին մենք երկրում կարող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ  դոլարի ներդրումային խնդիրներ լուծել: Իսկ դա իր հերթին կհանգեցնի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման:   Այսինքն, այն պեսիմիզմը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի,  իրականում այդպես չէ: 
Աշխատանքային այցերի ընթացքում մեր խնդիրը եղել է   ամբողջ կառավարությունով կարողանալ հասանելի դառնալ մեր գործարարին, մեր համայնքապետին, մեր մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են մեր տարածքները: Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր:  Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից  ստացվող  հիմնական ծրագրեր  ընդունող  բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝  գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր:
Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը:   Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում`    Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում:  Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն  առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին: Օրինակ, մենք առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ  ենք ներկայացրել 44 ծրագիր, որից  34-ը ստացել է դրական եզրակացություն: Ինչ է նշանակում դա: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այս կարգի ծրագրերը կարող են լինել արդյունավետ, ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա:   Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են   տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն: Պետությունը հայտարարել է, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են, հեռանկարային են, ապա պետությունը «պետություն-մասնավոր հատված» համագործակցության կոնցեպտի շրջանակներում իր վրա պարտականություն է վերցնում լուծելու ենթակառուցվածքների օժանդակության խնդիրը, այսինքն` օգնում է էլեկտրականություն, գազ, ջուր, ճանապարհ ունենալու հարցում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում   պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է իմ նշած հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց քաղաքացին չի կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն մոտավորապես  400 մ հեռավորության վրա է: Վարչապետի հանձնարարություն եղավ, որպեսզի ՏԿԶ նախարարությունը, Գազպրոմ ընկերությունը և տարածքային զարգացման հիմնադրամը համատեղ հնարավորինս ապահովեն քաղաքացու՝ բնական գազով իր տնտեսությունը վարելու հնարավորությունը, որը պետք է բերի ինքնարժեքի իջեցման, շուկայում մրցունակության ապահովման:
Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը: Օրինակ, շինշիլագործության ծրագիրը, 20-օրյա ժամկետ է տրված, որպեսզի Գյուղատնտեսության նախարարությունը ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը:
Այս ընդհանուր կոնտեքստում  մարզային այցելությունների արդյունքում մեզ մոտ ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ՝ շուրջ 350 մլն դոլարի սահմաններում ներդրումային ծրագրեր: Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին  լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպես ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել   ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ:
Նորից եմ ուզում կրկնել, որ ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ: Երկիր, որը շուրջ 3 և ավելի մլրդ դոլարի  ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ: Ներմուծվող ապրանքատեսակների մի մասը   կարող ենք արտադրել Հայաստանում` որակով, ցածր ինքնարժեքով և  մրցակցային:
Տեղեկացնեմ, որ նախարարությունն ունի ներդրումային 2-րդ բլոկը՝ որը, կարելի է համարել սկսված: Մոտավոր դա կազմում է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհային միջոցներն են:
Շուրջ 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է Եվրամիության դրամաշնորհների հաշվին, և պետության համաֆինանսավորմամբ, ի դեպ, պետությունն այս ծրագրերի ուղղակի պատասխանատու է, քանի որ 25 տոկոսի չափով ինքը մասնակցում է այդ ծրագրերին:Այս ծրագրերն ապահովելու են  առաջիկա տարվա ընացքում 500 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով: Օրինակ Վայքում ստեղծվելու է առաջին արևային կայանը, կամ Կապանի տարածաշրջանում պետք է ստեղծվի թափոններից պլաստմասայի արտադրություն, Նոյեմբերյանում կստեղծվի վերամշակող ձեռնարկություն: Սրանք խոշորացման և տարածքների համաչափ զարգացման առաջին խոշոր ծրագրերն են:
Արդյունքում, մեր ծրագրային ներդրումային բլոկի արդյունքում՝ 34 մլրդ դրամի  շրջանակում արդեն ուղղակի ֆինանսավորում ունենք տարածքներում և սպասում ենք շուրջ  100 և ավելի մլրդ դրամի մասնավոր հատվածներում  ներդրում, որում պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, աջակցություն ցուցաբերի:
Կարևորվում է նաև համայնքային բյուջեներով իրականացվող ներդրումները, որոնք կազմում են շուրջ 15 մլրդ դրամի չափ և ուղղված են շենք-շինությունների կառուցմանը, սարքավորումների ձեռքբերմանը: Մեր խնդիրը պետք է դառնա մեծացնել համայնքների սեփական եկամուտների ծավալը: 2017 թ-ին մենք պլանավորել ենք, որ համայնքային բյուջեները պետք է ավելանան շուրջ 3 մլրդ դրամի չափով՝ մոտ 10 %-ի չափով: Դա բավականին մեծ ծավալ է, որպեսզի համայնքները կարողանան իրենց քաղաքացիներին լրացուցիչ ծառայություններ մատուցել»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն