ICARE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԻննովԵՅԹ-ը ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ «ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՀԱՎԱՍՏԱԳՐԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԸ


ICARE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԻննովԵՅԹ-ը ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ «ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՀԱՎԱՍՏԱԳՐԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԸ

  • 06-02-2017 20:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան – Հայաստանի սննդամթերքի մատակարարման արժեշղթան այժմ ավելի անվտանգ հեռանկար ունի` շնորհիվ հատուկ կրթական ծրագրի, որը կյանքի է կոչվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ` ԱՄՆ և ՀՀ համալսարանների միջև կնքված հուշագրերի շրջանակում:  
 
Փետրվարի 3-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի ավագ կուրսի 30 ուսանողներ և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի մեկ աշխատակից ստացան ԱՄՆ Փենսիլվանիայի պետական համալսարանի հավաստագրեր` «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» թեմայով Հայաստանում առաջին կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Հավաստագրային ինտենսիվ ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում սննդամթերքի մատակարարման շղթայի անվտանգության բարելավմանը` սննդի վերամշակումից ու փաթեթավորումից մինչև պահպանում, շուկայահանում և սպառում:
Չորս շաբաթվա ընթացքում ծրագրի մասնակիցները ձեռք բերեցին սննդագիտության և սննդի անվտանգության ոլորտում ամենավերջին գիտական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված գիտելիքներ: Լաբորատոր պարապմունքները և դասախոսությունները, որոնք ընդգրկում էին վեց մոդուլներ, ներառյալ սննդի պաշտպանությունը, սանիտարիան և սննդի միկրոկենսաբանությունը, զուգորդվում էին վերամշակող ձեռնարկություններ` Արմենիա Վայն, Նոյան, Մարիաննա և այլ ընկերություններ ուսումնաճանաչողական այցելություններով: Այս ամենը ուսանողներին հաղորդեց գործնական փորձառություն և անհրաժեշտ հմտություններ Հայաստանի սննդի անվտանգության ոլորտի հետագա առաջընթացի համար:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հավաստագրային այս ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն հանուն գյուղատնտեսական կրթության և վերապատրաստման» (InnovATE) ծրագրի միջոցով: 
Հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ, դասընթացի առաջին շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ICARE հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը և ԻննովԵՅԹ-Հայաստան նախագծի տնօրեն Անջելա Նիլընը:  
Միջոցառմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա ջերմորեն շնորհավորեց «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» ծրագրի առաջին դասընթացի շրջանավարտներին` հույս հայտնելով, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները մոտ ապագայում իրենց ծանրակշիռ խոսքը կասեն սննդի անվտանգության կարևորագույն բնագավառում: Պարոն Առաքելյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ ՀՀ-ում գյուղատնտեսության, ներառյալ գյուղատնտեսական կրթության զարգացմանն ուղղված շարունակական օժանդակության համար: Դիմելով ուսանողներին, Նախարար Առաքելյանը մասնավորապես ասաց. «Ես ձեզ աշխատանք եմ առաջարկում գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում բուհն ավարտելուց հետո, քանի որ մեզ անհրաժեշտ են ձեզ նման արդիական գիտելիքներով զինված մասնագետներ»: 
Իր ողջույնի խոսքում տիկին Գրիզերը նշեց, որ ICARE-ը՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև եզակի համագործակցության արդյունք է: «Մենք գոհունակությամբ ենք հետևել, թե գոյության 16 տարիների ընթացքում ICARE-ն ինչպիսի առաջընթաց է ապրել՝ դառնալով ագրոբիզնեսի ոլորտում միջազգային լավագույն չափորոշիչները կիրառող կարևորագույն հաստատություն: Հավաստագրային այս ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի կառավարության և սննդի վերամշակման ձեռնարկությունների կարիքների բավարարմանը: Այն նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգին աննախադեպ հնարավորություն է ընձեռում առաջարկելու սննդի անվտանգությանն առնչվող խնդիրների իրազեկ լուծումներ: ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ է աջակցում այսպիսի աշխատանքներին», - ասաց տիկին Գրիզերը, հավելելով, որ ծրագիրը կնպաստի նաև ագրոբիզնեսի հատվածում աշխատատեղերի ավելացմանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանն իր հերթին նշեց, որ, արձագանքելով աշխատաշուկայի այսօրվա իրական կարիքներին, համալսարանը ներկայումս իրականացնում է ուսումնական ծրագրերի լուրջ բարեփոխումներ և որ «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» ծրագիրը գալիս է լրացնելու ՀԱԱՀ-ում ներկայումս իրականացվող բարեփոխումների գործընթացները: Ավելին, համալսարանում լիահույս են, որ նորարարական, Հայաստանում աննախադեպ այս ծրագիրը սննդի անվտանգության առումով գյուղատնտեսության ոլորտի և առհասարակ սպառող լայն հասարակության առջև ծառացած և դեռևս անպատասխան մնացած բազմաթիվ հարցերի լավագույն պատասխանն է կրթության մակարդակում: «Այդ գործում դրական արդյունքներ կարող էինք ակնկալել` հատկապես համագործակցելով միջազգային կառույցների հետ: Պետք է գոհունակությամբ նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մենք համագործխակցություն սկսեցինք ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի հետ: Կարճ ժամանակում մշակվեց խտացված ծրագրերի մի մոդուլ, որը հունվար ամսվա ընթացքում իրականացվեց Ագրարային համալսարանում: Հիմա արդեն, տեսնելով մեր ուսանողների ձգտումներն ու ձեռք բերած գիտելիքները, այս հնարավորությունը պետք է օգտագործենք համալսարանի մյուս մասնագիտութուններում ևս նման սխեմայով կրթություն կազմակերպելու համար», - ասաց պարոն Թարվերդյանը:
Մեկամսյա նորարարական դասընթացը դասավանդում էին ԻննովԵՅԹ-Հայաստան նախագծի գործընկեր համալսարանները ներկայացնող միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ` Վիրջինիա Թեք համալսարանի սննդագիտության և տեխնոլոգիայի դեպարտամենտի ղեկավար դոկտ. Ջոզեֆ Մարսին, Փենն Ստեյթ համալսարանի սննդագիտության պրոֆեսոր, սննդի անվտանգության և որակի ծրագրերի ղեկավարի տեղակալ դոկտ. Քեթրին Քաթերը և նույն համալսարանի հետդոկտորական հետազոտող գիտնական դոկտ. Սիրոզ Պոկարելը: Դասընթացի ուսումնական պլանը նախապես կազմել էին դոկտ. Մարսին և դոկտ. Քաթերը` հիմնվելով դասավանդման իրենց փորձի և սննդի անվտանգության ոլորտի` Հայաստանում առկա կոնկրետ կրթական կարիքների վրա:
Հավաստագրային ծրագրի հարակայունությունն ապահովելու նպատակով սննդի անվտանգության և միկրոկենսաբանության հայաստանցի չորս փորձագետներ, ովքեր ներկայացնում են Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (ՔԱՐԴ) և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ամերիկացի գործընկերներին օգնեցին դասընթացի վարման ժամանակ: Հենց նրանք էլ կստանձնեն հետագայում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում սննդի անվտանգության ծրագրի դասավանդման պարտականությունը:
# # #
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԻննովԵՅԹ ծրագիրն իրականացնում է Վիրջինիա Թեք համալսարանի ղեկավարությամբ և Փեն Ստեյթ, Թասքիգի և Ֆլորիդայի համալսարանների մասնակցությամբ ստեղծված կոնսորցիումը: ԻննովԵՅԹ-ի հայաստանյան նախագիծը կարևոր դերակատարություն ունի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) հաստատութենական զարգացման  և Հայաստանում գյուղատնտեսական կրթության ու վերապատրաստման բարեփոխման գործում: Դասընթացի, ICARE/ԱՈՒԿ-ի կամ ԻննովԵՅԹ ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ICARE-ի հանրային կապերի մասնագետ Սոս Ավետիսյանին`  sos@icare.am; sos_avetisyan@yahoo.com կամ 091-30-68-55 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն