Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին


Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին

  • 07-02-2017 11:32:06   | Հայաստան  |  Տնտեսություն

 Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ   մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն:
 
  Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն իսկ զգացվում է հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում մեզ համար թիրախային շուկա համարվող Ռուսաստանի կողմից։
 
Հայկական տաղավար են այցելել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը,  ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։
 
Հայկական պատվիրակությունը ներկայացնում են 12 գինեգործական ընկերություններ` արտերկրյա սպառողին ներկայացնելով շուրջ 50 անուն  հայկական գինիներ։
 
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ։
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն