Դավիթ Լոքյանն ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ մարզային այցերի արդյունքում ներկայացված ներդրումային ծրագրերը


Դավիթ Լոքյանն ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ մարզային այցերի արդյունքում ներկայացված ներդրումային ծրագրերը

  • 07-02-2017 11:45:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր կատարած այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը և ներկայացրել այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման:
 
«Աշխատանքային այցերի ընթացքում մեր խնդիրը եղել է ամբողջ կառավարությունով  հասանելի դառնալ մեր գործարարին, մեր համայնքապետին, մեր մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են մեր տարածքները: Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները ՀՀ կառավարություն ներկայացնեն ծրագրեր:  Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից  ստացվող  հիմնական ծրագրեր  ընդունող  բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝  գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր:
Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարություններ` 5-օրյա ժամկետում եզրակացության համար, որից հետո 7-օրյա ժամկետում`   Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում:  Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն  առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին»,-նշել է նախարարը: 
Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ է ներկայացվել 44 ծրագիր, որից  34-ը ստացել է դրական եզրակացություն:   Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այդ ծրագրերը կարող են լինել արդյունավետ, քանի որ ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա: Մինչդեռ այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են   տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, նախարարի խոսքով, չեն ստանում դրական եզրակացություն: «Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը»,-նշել է նախարարը և հավելել, որ մարզային այցելությունների արդյունքում նախարարությունում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ: «Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին  լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպե՞ս ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել   ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play