Հայաստանի լռությունը ԵԱՏՄ-ում.ԻՔՄ


Հայաստանի լռությունը ԵԱՏՄ-ում.ԻՔՄ

  • 07-02-2017 12:42:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Եվրասիական տնտեսական միության նկատմամբ այդ կառույցի անդամ երկրների իշխաննությունների կողմից հնչեցվող դժգոհությունները պարբերական բնույթ են ստանում: Ընդ որում՝ գնալով նման հայտարարությունները ավելի ու ավելի բարձր են դառնում, այնինչ Հայաստանը, որը բազմաթիվ չափանիշներով կարող է համարվել ԵԱՏՄ-ից «ամենատուժած» կողմը, առավելապես լռում է և չի բարձրաձայնում առկա խնդիրների մասին:
 
Բելառուս
Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը հանդես էր եկել նույնիսկ իր համար չափազանց էմոցիոնալ ելույթով, որում, այսպես ասած, ի ցույց էր դրել Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում առկա բոլոր անբարեմասնությունները՝ սկսած գազի սակագներից, նավթի տարանցումից, վերջացրած արտաքին հարաբերություններով և Բելառուսի վիզային քաղաքականությամբ:
Սա, թերևս, ԵԱՏՄ գոյության տարիներին ամենաթեժ բռնկումներ էր, որը տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների միջև, այն էլ՝ առանցքային երկրների: 
Բելառուսի նախագահի այս հայտարարությունները, սակայն, ինչպես և նախկինում, հետապնդում էին առավելապես հետևյալ նպատակները՝ բարձրաձայնել խնդիրները, դարձնել քննարկման առարկա, ստանալ արդյունքներ: Սա սկզբունք է, որը օգտագործում են ՌԴ դաշնակիցներն ու գործընկերները, երբ ցանկանում են, որպեսզի Մոսկվան երկկողմանի հարաբերություններում գնա որոշակի զիջումների:
Ղազախստան
Այդ սկզբունքը բավական լավ են սերտել նաև Ղազախստանում: Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Աստանան չի վարանում ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր ինքնիշխանության անձեռմխելիության մասին և բազմաթիվ դեպքերում վարում է Մոսկվայից անկախ արտաքին քաղաքականություն: 
Դրա վառ օրինակն է այն, որ 2015 թվականին Աստանան միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ այդ կերպ, փաստացի, հրաժարվելով ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորությունների զգալի մասից, ինչպես նաև՝ հարցականի տակ դնելով եվրասիական ինտեգրման առաջնահերթությունը: Փոխարենը՝ Աստանան, բարձրաձայնելով ԵԱՏՄ-ում իր խնդիրների, ինչպես նաև Մոսկվայի քաղաքականության՝ իր շահերին հակասող դրույթների մասին, կարողանում է առավել նպաստավոր պայմաններ ապահովել իր տնտեսվարողների համար:
Ղրղզստան
ԵԱՏՄ-ում իր խնդիրների մասին չի լռում նաև Ղրղզստանը ու առավել հաճախ բողոքում է Ղազախստանի կիրառած սահմանափակումներից: Ղրղզա-ղազախական այս դիմակայությունը, սակայն, ավարտվեց նրանով, որ Բիշքեքը, այնուամենայնիվ, ստացավ իր գյուղատնտեսական ապրանքները ղազախական շուկա հանելու բաղձալի իրավունքը: 
Չնայած դրան, 2016 թվականի դեկտեմբերին Ղրղզստանի նախագահ Աթամբաևը շարունակում էր հայտարարել, որ ԵԱՏՄ-ում ոտնահարվում են ղրղզական շահերը, ինչը, ամենայն հավանականությամբ, բերելու է նրան, որ Բիշքեքն էլ ավելի է հարթելու իր տնտեսության եվրասիական ինտեգրման ճանապարհը:
Հայաստան
Բոլոր վերը թվարկված երկրները, ինչպես նշեցինք, այս կամ այն կերպ բարձրաձայնում են ԵԱՏՄ-ում իրենց ունեցած խնդիրների մասին: Ինչը նշված երկրների դեպքում կատարվում է հրապարակայնորեն, այսինքն՝ գագաթաժողովների ժամանակ, առանձին հայտարարություններով, կոնկրետ գործողություններով, կամ ասուլիսներով:
Հայաստանի դեպքում պատկերը այլ է և այստեղ գործ ունենք արտաքին քաղաքականության համար պատասխանատու մարմինների իսկական գաղտնիության հետ: Ի՞նչ են բանակցում ՀՀ ղեկավարները ԵԱՏՄ պաշտոնյաների հետ, ի՞նչ են բանակցում ՀՀ և ՌԴ նախագահները, վարչապետները: Մեծ մասամբ՝ նման հանդիպումներից հետո տարածվում են ստանդարտ հաղորդագրություններ, որոնցում կողմերը փաստում են հարաբերությունների խորությունն ու զարգացման անհրաժեշտությունը: 
Այնինչ, ինչպես ցույց է տալիս եվրասիական փորձը, երբեմն ավելի արդյունավետ է լինել բաց ու բարձրաձայն, այլ ոչ թե ղեկավարվել չխոսկան մամուլի խոսնակների, էլիտար վարդագույն մամուլի սկզբունքներով և ամեն տեսակի փաստաթուղթ (օրինակ, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը) գաղտնավորելու մոլուցքով: Միգուցե այդ դեպքում Հայաստանը կարողանա ավելի ապահով լինել եվրասիական կառույցներում:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավրում»
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play