Շարքային քաղաքացիներն առաջարկում են բոյկոտել ԱԺ ընտրությունները` այդ օրը Եռաբլուր այցելելով (տեսանյութ)


Շարքային քաղաքացիներն առաջարկում են բոյկոտել ԱԺ ընտրությունները` այդ օրը Եռաբլուր այցելելով (տեսանյութ)

  • 07-02-2017 15:54:50   | Հայաստան  |  Հասարակություն



Որոշ շարքային քաղաքացիներ առաջարկում են բոյկոտել Ազգային Ժողովի ընտրությունները` այդ օրը ընտրատեղամասի փոխարեն Եռաբլուր այցելելով: 
 
Ինչպես փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրեն ակտիվ քաղաքացի համարող, մասնագիտությամբ լրագրող Սոնա Մաղաքյանը, այսօր ԱԺ ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերի շարքերում չկան այն հեղինակությունները, որոնց արժե վստահել և նրանց օգտին քվերակել: 
Ըստ նրա` Հայաստանում ընտրական գործընթաց գոյություն չունի, քանի որ չկա տեսակետների կամ գաղափարների պայքար, այլ միայն խմբավորումների առաճակատում է տեղի ունենում: 
«Ինչ կա ընտրասեղանին. Նախ կա տարածքների վերաբախշման քարտեզի գործընթաց, քարտեզն են ուզում կիսել իրար մեջ. կա բոլոր ժամանակների ամենահզոր իշխանություն` ի դեմս ՀՀԿ-ի, որը չի կշտանում, պայմանականորեն ասենք աթոռավորներ, կան աթոռից զրկվածներ, որ նույն գաղափարախոսության և նույն որակի մարդիկ են, ոքվեր ցանկանում են նորից տիրել իրենց աթոռներին, և աթոռ տենչացողներ»,- ասաց նա` զավեշտալի համարելով, հանրապետականների շարքերից դուրս եկած նախկին պաշտոնյաների ընդդիմադիր կեցվածքը և արվող հայտարարությունները:  
Այս համատեքստում Ս. Մաղաքյանն առաջին հերթին հիշեց ՀՀ Պաշտպանության   նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ընդգծելով. «ՊՆ նախարար լինելով` ապրիլյան պատերազմի օրերին Դուք չկարողացաք լռության պատը ճեղքել և կրակելու հրաման տալ, որպեսզի այդքան անմեղ երեխաներ մատաղ չլինեին: Ով, ով առաջին դեմքը Դուք էիք, ով պատասխանատու էր այդ երեխաների համար, բայց լռեցիք»: 
Անդրադառնալով իր բնորոշմամբ աթոռ տենչացողներին` բանախոսը շեշտեց, որ աթոռին հասնելու ճանապարհին լավագույն դիրքորոշումն ընդդիմադիր ձևանալն է, ինչպիսին իրեն համարում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` «Ելք» դաշինքով:  
Մեկ այլ շարքային քաղաքացի Գոհար Արշակյանի կարծիքով` հասարակության ներկայիս խորը հիասթափվածության և հուսալքության պայմաններում ուղղակի չպետք է ԱԺ ընտրություններ անցկացվեին, սակայն եթե, այնուամենայնիվ, ընտրություններ պետք է լինեն, ապա գոնե ընտրական գործընթացը պետք է պարզ ու հասկանալի լինի շարքային ընտրողների համար: 
Նրա համոզմամբ` ապրիլի 2-ն ընտրությունների անցկացման օր նշանակելը քաղաքական կարճատեսություն է և ազգադավություն, քանի որ այդ օրը համընկնում է ապրիլյան դեպքերի տարելիցի հետ և պետք է Եռաբլուր այցելել, այլ ոչ թե ընտրությունների մասնակցել: 
Գ. Արշակյանն առաջարկում է քվեթերթիկում ավելացնել նաև «բոլորին դեմ եմ» տողը, որպեսզի քաղաքացին կարողանա լիարժեքորեն արտահայտել սեփական կարծիքը, այլ ոչ թե ստիպված լինի ընտրություն կատարել նշված թեկնածուների միջև: 
«Գտնում եմ, որ այդ տողի բացակայությունն առնվազն մարդու իրավունքների ոտնահարում է. ես ուզում եմ գնալ ընտրություններին մասնակցել, քաղաքացիական պարտքս կատարել, վերաբերմունքս արտահայտել, սակայն գոցում են իմ բերանը, եթե ասելիքիս հետ համամիտ չեն»,- ասաց նա` հավելելով, որ եթե ընտրողն իր ձեռքով այդ տողն ավելացնի, ապա քվերաթերթիկն անվավեր կճանաչվի, իսկ դա ձեռնտու է միայն իշխանություններին, քանի որ հաշվարկ իրականացվում է վավեր թերթիկների միջև: 
Գ. Արշակյանի պնդմամբ` այս խնդիրը միայն իրեն չի հուզում, այլ իր նման հազարավոր քաղաքացիների, որոնք բարձրաձայնելու հանարավորություն չունեն:
Նրա բնորոշմամբ` ներկայիս ընդդիմադիրների կեցվածքը նման է պատվերով համերգի, մինչդեռ ընդդիմությունը շոր չի, որ երբ ուզենան հանեն, երբ ուզենան հագնեն. «Ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Ժողովուրդը լավ էլ հիշում է, ճիշտ գնահատում և ուղիղ հետևություններ է անում, որ իրեն մնացել է ընտրություն անել աթարի և թրիքի միջև»,- եզրափակեց Գ. Արշակյանը:   
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն