ՀՎԿ-ի գրանցումն առ ոչինչ համարելու պահանջով «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարը դիմելու է նաև Վերաքննիչ դատարան (տեսանյութ)


ՀՎԿ-ի գրանցումն առ ոչինչ համարելու պահանջով «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարը դիմելու է նաև Վերաքննիչ դատարան (տեսանյութ)

  • 07-02-2017 17:16:17   | Հայաստան  |  Քաղաքական



Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) գրանցումն առ ոչինչ համարելու պահանջով «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարը դիմելու է նաև Վերաքննիչ դատարան:
 
Ինչպես փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նշյալ կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, մինչ Վերաքննիչ դատարան դիմելը, նույն պահանջով հայցադիմում է ներկայացրել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը մերժել է այն` պատճառաբանելով, որ հայցադիմումն ընդդատյա է: 
Ըստ նրա` մերժում ստանալուց հետո դարձյալ հայցադիմում է ներկայացրել այս անգամ  ՀՀ Վարչական դատարան, որը ևս հետ է վերադարձրել հայցադիմումն այն պատճառաբանությամբ, թե հայցն ընդդատյա է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: 
«Այսինքն` ես սրանից հետևություն եմ անում, որ ունենք վարչական դատարան, առաջին ատյանի վարչական դատարան և քաղաքացիական դատարան, որոնք մեկը մյուսի վրա հղում են կատարում, այս դեպքում ո՞ւմ պետք է դիմեմ»,- ասաց նա` ընդգծելով, որ դատարանների նման դիրքորոշման պատճառն ինչ- որ մեկի երկար ձեռքերն են, որոնք աշխատում են միջամտել այս գործերին: 
Արմենուհի Ղազարյանի փոխանցմամբ` ինքը, հիմք ընդունելով ՀՀ Վարչական դատարանի պատճառաբանությունը, հունվարի 31-ին կրկին դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացներ, սակայն մինչ օրս պատասխան չկա:
Ի պատասխան Արմենուհի Ղազարյանին`  ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը նշեց, որ եթե հայցադիմումները վերցնելու հիմքեր լինեին, ապա դատարանները կվերցնեին: 
ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Հայկական Վերածնունդ կուսակցության Երիտասարդական. Միության նախագահ Դավիթ Հարությունյանն էլ հորդորեց Արմենուհի Ղազարյանին դատական համակարգը չխառնել քաղաքականության հետ: 
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հաշտության եզրեր չե՞ն փնտրում ՀՎԿ-ն և «Հայկանդուխտ» կուսակցությունը, Էդգար Առաքելյանը նշեց, որ իրենք կռված չեն, մինչդեռ Ա. Ղազարյանը պնդեց, որ ոչ մի դեպքում չի հաշտվելու ՀՎԿ-ի հետ, քանի որ այդ կուսակցությունում միայն մեկ անձի` Արթուր Բաղդասարյանի, պաշտամունք է տիրում : 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական