Հանդիպում խորհրդարանում


Հանդիպում խորհրդարանում

  • 07-02-2017 16:48:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ անդամներ Արամ Մանուկյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարեն Շահմուրադյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների հետ:
 
Սամվել Ֆարմանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել շվեդ պատգամավորներին՝ միջազգային տարբեր հարթակներում հայկական պատվիրակությունների նախաձեռնություններին սատարելու համար: Պարոն Ֆարմանյանն ընդգծել է աշխարհում սկանդինավյան երկրների եւ հատկապես Շվեդիայի առաջատար դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման գործում:
 
Նա հույս է հայտնել, որ շվեդ գործընկերները կհամագործակցեն նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի պատգամավորների հետ՝ ընդլայնելով համագործակցության եւ շփման շրջանակները:
 
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ ԽՎ-ում անհանդուրժողականության եւ այլատյացության դրսեւորումների դեմ Շվեդիայի պատվիրակության վարած քաղաքականությանը: Պարոն Պողոսյանն առաջարկել է շվեդ գործընկերներին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի փախստականների ինտեգրման հարցերին առնչվող փորձի փոխանակմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը երրորդ տեղն գրավում է աշխարհում՝ սիրիացի փախստականներին ապաստանելու առումով:
 
Թեւան Պողոսյանն առաջարկել է աշխուժացնել համագործակցությունը երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում:
 
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, կարեւորելով Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության եւ հատկապես դեսպանի աշխատանքը, անդրադարձել է երկու երկրների միջեւ մշակութային կապերի խորացմանը՝ ընդգծելով, որ մշակութային կապերը եւ իրականացվող բազմազան ծրագրերն իսկապես կնպաստեն բոլոր բնագավառներում համագործակցության ընդլայնմանը:
 
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին: Նա, կարեւորելով եվրոպական հարեւանային քաղաքականությունը, նշել է, որ նպատակ ունեն այցելելու տարածաշրջանի երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Պարոն Ֆորշլունդը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը՝ համարելով այն ազգերի շփման լավագույն ձեւաչափերից մեկը:
 
Հաջողություն մաղթելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ Քեննեթ Ֆորշլունդը հույս է հայտնել հանդիպել եւ համագործակցել հայ պատգամավորների հետ նաեւ ապագայում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play