Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության դեսպանին


Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության դեսպանին

  • 07-02-2017 18:39:18   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին ՝ քննարկելու երկու երկրների տնտեսական կապերը։
 
Դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ կան մի շարք նախադրյալներ, որոնք կարող են զարկ տալ հայ-թայլանդական տնտեսական կապերի խորացմանը։ Դեսպանի խոսքով՝ Թայլանդի համար կարևոր նշանակություն ունի Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը Եվրասիական տնտեսական միության հետ, որն իր հերթին կխթանի երկկողմ տնտեսական փոխգործակցությունը ևս, այդ թվում՝ ապրանքաշրջանառության աճը։ Ըստ դեպանի՝ զբոսաշրջության ոլորտում հմտացած թայլադնական տուրօպերատորները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում՝ ներգրավելով զբոսաշրջիկների թե´ Թայլանդից, թե´ հարևան երկրներից։ Դեսպանը Սուրեն Կարայանին հայտնել է նաև, որ Թայլանդի առողջապահության նախարարության դեղագործական գործակալությունը հետաքրքրված է դեղերի հայաստանյան շուկայով,  և այդ ոլորտում նույնպես կարելի է համագործակցել։ 
Նախարար Կարայանը դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությունում 2017 թվականից գործող դեղերի միասնական շուկան դյուրացրել և ազատականացրել է ոլորտը։ Նախարարի խոսքով՝ դեսպանի կողմից նշված ոլորտները զարգացման և ընդլայնման ներուժ ունեն։ Նախարար Սուրեն Կարայանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ներդրումային ծրագրերին, որոնք կփոխանցվեն դեսպանություն։ 
«Մենք անում ենք հնարավորը, որպեսզի Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գրավիչ միջավայր լինի։ Ձեզ կներկայացնենք այն ներդրումային ծրագրերը, որոնք կարող են Ձեր ներդրողներին հետաքրքիր լինել։ Ցանկանում եմ նաև տեղյակ պահել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամում գործում է «մեկ պատուհան» օտարերկրյա ներդրողների  համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների Հայաստանում գործունեություն ծավալեն», - նշել է նախարարը։  
Կողմերը քննարկել են նաև գինեգործության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Թայլանդի դեսպանի խոսքով՝ հայկական գինին կհետաքրքրի թայլանդցիներին իր որակական և համային հատկանիշներով։  
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են մշտական երկխոսությամբ քննարկել համատեղ ծրագրերը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն