Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը նվիրվում է անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին


Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը նվիրվում է անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին

  • 08-02-2017 11:21:51   | Հայաստան  |  Մշակույթ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ` ս. թ. փետրվարի 15-28-ը, կանցկացվի «Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը», որն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբելյանին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Ս. Սմբատյանը:
 
     Փառատոնի նպատակն է երկար տարիների պատմություն ունեցող հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումը, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նպատակ ունի կապ ստեղծել հայ կոմպոզիտորական արվեստի սերունդների միջև, արժևորել մեր կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը, հանրայնացնել, ներկայացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը:
     Հարո Ստեփանյանը (1897-1966 թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով մեծ ավանդ է ներդրել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ: Փառատոնի շրջանակում թվայնացվել են Հարո Ստեփանյանի չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք ունկնդրի դատին կներկայացվեն առաջին անգամ: Փառատոնը ներառում է սիմֆոնիկ և կամերային հինգ համերգ, որոնց ընթացքում ի թիվս շատ ստեղծագործությունների, կներկայացվեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Կկատարվեն Հարո Ստեփանյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Հարություն Դելալյանի, Վարդան Աճեմյանի, Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երաժշտական այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակում հանդես կգան անվանի մենակատարներ, այդ թվում՝ դաշնակահար Նարե Արղամանյանը:
     Փառատոնի բացման համերգը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, փակման համերգը` փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի կամերային համերգները կկայանան Արամ Խաչատրյան տուն-թանգարանում: Համերգների սկիզբը` ժամը 19:00-ին: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play