Հայտնի են դարձել Բաքվին արտահանձնված ռուս բլոգերին ներում շնորհելու պայմանները


Հայտնի են դարձել Բաքվին արտահանձնված ռուս բլոգերին ներում շնորհելու պայմանները

  • 08-02-2017 13:09:25   |   |  Հասարակություն

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի նախագահի հրամանով կարող է ներում ստանալ և ազատ արձակվել:
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է իրավիճակին ծանոթ աղբյուրը: 
 
Ըստ նրա` բլոգերի ճակատագրի վերաբերյալ տեղի ունեցած բազմակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև նրան ներում շնորհելու տարբերակը, եթե վերջինս հրապարակայնորեն ներողություն խնդրի Ադրբեջանի օրենքները խախտելու համար: 
Աղբյուրը նշել է, որ Մինսկում Բաքվի պահանջով բելոռուսական իշխանությունների կողմից Լապշինի ձերբակալումից անմիջապես հետո ռուսական և իսրայելական ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրա ազատ արձակման համար: 
«Բելոռուսական կողմը սկզբունքայնություն դրսևորելով` միանշանակ կերպով կողմ արտահայտվեց Լապշինի արտահանձնմանը, ինչը և տեղի ունեցավ: Հնարավոր է արտահանձնման պայմաններից մեկն էլ եղել է Ադրբեջանից ներողություն խնդրելու դիմաց ներում ստանալը»,- ասել է նա: 
Նշվում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Լապշինը ձերբակալվել է Բելոռուսում Ադրբեջանի պահանջով: Ադրբեջանում բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել  այդ երկրի Քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով, որոնցով որպես պատիժ նախատեսվում է 5-ից 8 տարի ազատազրկում:
Ըստ Ադրբեջանի` ռուս քաղաքացին պաշտոնապես չստանալով ադրբեջանական կողմի թույլատվությունը 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին ապօրինաբար այցելել է Լեռնային Ղարաբաղ: Բացի այդ, նա իր հայտարարություններում կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:    
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play