Ամփոփվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2016 թ. գործունեության հաշվետվությունները


Ամփոփվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2016 թ. գործունեության հաշվետվությունները

  • 08-02-2017 14:06:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:
 
2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է, որ 2016 թվականի ընթացքում նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը: Աշխատանքները միտված են եղել նաև միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:
 
ԱԳ նախարար Նալբանդյանը զեկուցել է, որ 2017 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը:
 
Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և նշել. «Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: Նրանք իրենց առջև ո՞ւնեն խնդիր, թե կոնկրետ ապրանքատեսակը որ ներդրողին, որ բիզնես կառույցին ներկայացնեն»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վերլուծական տեղեկանք՝ դեսպանատների տնտեսական գործունեության ադյունքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը առևտրաշրջանառության, ներդրումների ներգրավման գործում կարևորել է նաև սփյուռքի ներուժի օգտագործումը:
 
ԱԳ նախարարը վարչապետին տեղեկացրեց, որ պետական տուրքի գծով ԱԳՆ պարտավորությունները 2016 թ. բյուջեով հաստատվել էին 2 միլիարդ 006.7 հազար դրամ (4 միլիոն 129.0 հազ. ԱՄՆ դոլար), փաստացի գանձվել է 2 միլիարդ 108.7 հազ. դրամ (4 միլիոն 338,0 հազ. ԱՄՆ դոլար)։ Կատարողականը կազմել է 105,1%: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը 397 ժամկետային հանձնարարական է ուղարկել ՀՀ ԱԳՆ, որոնք բոլորն էլ կատարվել են:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն