Պե՞տք է արդյոք հայրենադարձությունը Հայաստանին եւ հայերին

08-02-2017 15:05:18   | Հայաստան  |  Հոդվածներ
Հայաստանն այսօր Արալի ծովին է նմանվում. այնտեղ սեղմվում է  ջրի մակերեսը, մեզ մոտ կրճատվում է բնակչությունը:  Ինչ-որ առումով մոտ են նաեւ դրա պատճառները. արտահոսման ծավալները  (այնտեղ՝ ջրի, այստեղ՝ բնակչության) գերազանցում է ներհոսքի ծավալները: Նման են եւ խնդրի լուծման դեղատոմսերը՝ ներհոսքը  ծավալներով պետք է ավելի մեծ դառնա, քան արտահոսքը: Մեր դեպքում նման ներհոսքերը մի քանիսն են՝ ծնելիության աճ, արտագաղթողների թվի կրճատում եւ հայերի վերադարձ դեպի պատմական հայրենիք: Գոնե հայերի:  
 


Իհարկե, վատ չէր լինի ապահովել բնակչության աճը նաեւ այլազգի քաղաքացիների հաշվին: Սակայն այս անգամ ձեռնպահ կմնամ նման «ներհոսքի» օգտին փաստարկներ բերելուց, որպեսզի չխախտեմ  հայության  մեծ մասի երջանիկ  վստահությունը, որ 98 տոկոսանոց էթնիկական միատարրությունը մեր երկրում հենց «ազգային պետություն» է, այլ ոչ թե ազգային գետո՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: 
 
Մի խոսքով, այս անգամ կանգ առնենք վերոնշյալ «ներհոսքերից» մեկի վրա, որի անհրաժեշտությունն ամենաքիչն է քննարկվում հրապարակային դաշտում: Եվ այսպես, ես հարց ունեմ՝ «Արդյոք Հայաստանին պե՞տք է հայրենադարձությունը»: Այսինքն, իրավաբանական լեզվով ասած, վերադարձ դեպի քաղաքացիության, մշտական բնակության կամ ծագման երկիր այն հայերի եւ իրենց ժառանգների կողմից, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվել էին այլ պետությունների տարածքում: «Ինչպե՞ս թե պետք չէ,- կբացականչի վրդովված ընթերցողը: -Չէ՞ որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը դատարկվում է, որն էլ իր հետ բերում է սարսափելի հետեւանքներ»: 
 
Սակայն ես չէի շտապի պատասխան տալ: Եկեք սկզբում մի կողմ դնենք ժողովրդագրական վիճակի հետ կապված լրատվամիջոցներում ու սոցցանցերում բարձրացված ողբը,  «Զվարթնոց» օդանավակայանում  մեր համերկրացիների գալու-գնալու բացասական սալդոյի մանրակրկիտ հաշվարկները: Եկեք հաշվի առնենք, որ այդ հարցին քաղաքական գործիչների պարբերական անդրադարձներն ընդամենը «ժողովրդի ու պետության կարիքների մասին հոգացողի» իմիջի տարրերից են: Եվ ի՞նչ է մնում չոր մնացորդում՝  հուզումնալից  բացականչություններից բացի: Ո-չինչ… 
 
Որովհետեւ հայրենադարձության «անհրաժեշտության» գիտակցությունը ոչ թե «հայերի արտահոսքի կատաստրոֆիկ հետեւանքների մասին» մանտրաների անվերջ կրկնության մեջ է, այլ գործողությունների, առաջարկների եւ ծրագրերի մեջ, որոնք ընդունակ են լուծելու այդ բարդագույն խնդիրը: Իսկ այդպիսիք ոչ եղել են, ոչ էլ կան: 
 
Այդպիսով, ինձ թույլ կտամ ենթադրել, որ հայերի հայրենադարձությունը ոչ ոքի պետք չէ՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ կուսակցություններին, ո՛չ  բիզնես  վերնախավին,  ո՛չ եկեղեցուն, ո՛չ Հայաստանի իշխանությանը, ո՛չ  արտերկրի  հայ համայնքներին, հիմնադրամներին ու հայրենակցական կազմակերպություններին: Քանզի նման հարց չկա այսպես կոչված «հայկական աշխարհի» վերոնշյալ բաղադրիչների  օրակարգում: Ո՛չ հասարակությունը,  ո՛չ իշխանությունը,  ո՛չ  քաղաքական գործիչները,  ո՛չ Սփյուռքի կազմակերպությունները, այսինքն` բոլորը, կարծես, խուսափում են  առաջարկել հայերի հայրենադարձության որեւէ տեսլական՝ թեկուզ եւ «հում», անհասկանալի, նույնիսկ անիրագործելի: Այդ խնդրին անդրադարձ չի արվում կուսակցությունների նախընտրական ծրագրերում, այդ մասին չի խոսվում հինգ մայրցամաքների հարյուրավոր հայկական  եկեղեցիների կիրակնօրյա  քարոզներում: 
 
«Բայց ի՞նչ է, որեւէ մեկն արտահայտվե՞լ է վերադարձի դեմ»,- կրկին կբացականչի վշտացած  ընթերցողը:  Դե, իհարկե, ոչ, դա բացարձակ անընդունելի կլիներ: Ոչ ոք չի արտահայտվում չէ՞ կոռուպցիայի կամ կաշառակերության օգտին: Սակայն դրանք շարունակում են իրենց հաղթական քայլարշավը մեր երկրում: Նույնն էլ հայրենադարձության հարցում է: Խոսելիս բոլորը կողմ են, եւ ոչ ոք դեմ չէ: Իսկ իրականում անկախության տարիներին Հայաստանը լքել է մեկ միլիոն հայ, եւ ընդամենը մոտ քսան հազար մեր հայրենակից վերադարձել է պատմական հայրենիք: 
 
Բայց ինչո՞ւ է այդպես ստացվում: Դե որովհետեւ վերադարձի «ոչ պետքությունը» սնուցվում է ամբողջ մեդիա դաշտով   «ծորացող»  գեղեցիկ  պատմություններով այն հայերի մասին, որոնք լքել են հայրենիքը եւ օտարության մեջ նախանձելի վերելք են արձանագրել՝  բիզնեսի, արվեստի, քաղաքականության ոլորտում, իրենց երեխաների համար ապահովել են փայլուն կրթություն եւ անհոգ ապագա: «Ոչ պետքությունը» հիմնավորվում է Հայաստան եկող դրամական փոխանցումների ինանիշ  թվերով: Այդ «ոչ պետքությունը» արդարացվում է երկրում գործազրկության բարձր մակարդակով: «Ոչ պետքությունը» ամրագրված է նոր Սահմանադրության դրույթներով, որոնք սահմանափակում են Սփյուռքի հայերի հնարավորությունը պաշտոններ զբաղեցնել հայրենի իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմիններում: 
 
«Ոչ պետքությունը» հստակ երեւում է հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ՀԿ-ներ եւ հիմնադրամներ Հայաստանում պաշտպանում են խոսքի ազատությունը եւ ժողովրդավարությունը, մարդկանց համոզում են ընտրել եվրասիական կամ եվրոատլանտյան ուղին, օգնում են սոցիալապես անապահով մարդկանց ու անտեր  շներին, ստեղծում են «վերելակներ» տաղանդավոր երեխաների համար եւ այլն: Եվ այդ ամբողջը լավ է եւ գնահատելի: Սակայն հայտնի է միայն մեկ կազմակերպություն, որը զբաղվում է հայերի վերադարձի եւ տեղավորման հարցերով՝ դա հիասքանչ Repat Armenia-ն է, որը, ցավոք, դուրս է մնում երկրի զարգացման համար գլխավոր խնդիրը բացարձակապես անտեսելու թրենդից:  «Ոչ պետքության» մասին են հուշում 1946-1948 թթ. հայրենադարձության մասին հիշողությունները, երբ հազարավոր հայրենադարձ հայեր աքսորվեցին Ալթայի երկրամաս: 
 
Հայրենադարձության «ոչ պետքությունը» երեւում է նաեւ Սփյուռքի կազմակերպությունների գործունեությունում: Սփյուռքում, օրինակ, տասնյակ լուրջ կազմակերպություններ զբաղվում են Հայ Դատի հարցերով, եւ ոչ մեկը՝ հայերի վերադարձով: Այս ցուցակը իմաստ չունի շարունակել:  
 
Ինչո՞ւ է այդ  հարցը դուրս մնում «գլոբալ հայության» ամենատարբեր ինստիտուտների օրակարգից: Պատճառները, կարծում եմ, շատ են, եւ դրանց մասին բազմիցս խոսվել է: Սակայն ինձ թվում է, որ պատճառը նաեւ այն է (եւ այդ մասին չի խոսվում), որ որքան քիչ հայ լինի Պերմում, Ֆրեզնոյում կամ Մարսելում, այնքան քիչ տրանսֆերներ կգան Հայաստան: Որքան մեծ լինի Հայաստան եկողների հոսքը, այնքան քիչ արտերկրում  կմնան Ազնավուրներ, Թանգյաններ, Սարոյաններ, Քըրքորյաններ, Վարդանյաններ, Ալֆորվիլի կամ Գլենդելի հայազգի քաղաքապետներ, Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչներ: Այդքան ավելի քիչ ցուցարարներ դուրս կգան Թուրքիայի դեսպանատների արջեւ բողոքելու  Փարիզում կամ Լոս Անջելեսում: Այդքան քիչ մարդիկ կայցելեն Բուենոս Այրեսի կամ  Մոսկվայի հայկական եկեղեցիներ, այդքան ավելի քիչ նվիրատվություններ կանեն եւ մոմ ու խունկ  կգնեն: Մի խոսքով, որքան քիչ հայ մնա արտասահմանում, այնքան քիչ կլինեն մեզ համար կարեւոր եւ մեր ինքնասիրությունը շոյող գլոբալ հայկական աշխարհի ցուցիչները, որոնցով պարծենալը  կարծես թե դառնում է մեր ազգային ինքնության  գլխավոր բաղադրիչը:  
 
Եվ մենք դառնում ենք մի երկիր, ուր հայերը պետք է ավելի հաճախ այցելեն, այստեղ  անշարժ գույք գնել, մի երկիր, որին պետք է օգնել («քանզի մեր մեջ նույն արյունն է հոսում…»), որին պետք է քննադատել, որի իշխանություններից  «լոս անջելեսյան հեռուներից»  պետք է պահանջել արդարության եւ օրինականության հաստատում: Սակայն ապրել այստեղ, դառնալ հարկատու, որդիներ եւ եղբայրներ ճանապարհել եւ դիմավորել բանակից, պայքարել սեփական քաղաքացիական իրավունքների համար այդքան էլ հարմար չէ, քանզի  այդ չարաբաստիկ  վիրուսային մեմը՝ «Հայաստանում  քեզ եւ երեխաներիդ համար ապագա գտնելու շանս չկա», վարակել է հայության ամենալայն շերտերին՝ Հայաստանում եւ Սփյուռքում: 
 
Արդեն քառորդ դար է, ինչ հայ ազգը փնտրում է Հայաստանի երկարատեւ սոցիալական ու տնտեսական զարգացման, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում Սփյուռքի ներգրավվման ու արդյունավետ մասնակցության ուղիներ: Եվ արդեն քառորդ դար է, ինչ  խուսափում է ոչ միայն հայրենադարձության  խնդիրը լուծելու փորձերից, այլ նույնիսկ այս  թեմայի շուրջ համազգային քննարկումից: Չկա եւ ոչ մի հրապարակային հարթակ, որտեղ կքննարկվեր այդ հարցը՝ արդյոք պե՞տք է հայրենադարձությունը, եւ եթե այո, ապա ո՞ր երկրներից: Ինչպե՞ս կարելի է այն  խթանել, եւ ո՞վ է լինելու դրա պատասխանատուն: Ինչպե՞ս ստեղծել անհրաժեշտ պայմաններ կենցաղային ու մշակութային այլ միջավայրից եկած մարդկանց համար: Ֆինանսական եւ այլ ի՞նչ ռեսուրսներ են հարկավոր դրա համար եւ այլն: 
 
Երկիրը, առաջին հերթին, կոնկրետ ռեսուրս է. ժողովրդագրական, մտավոր, արտադրական, ռազմական, մշակութային: Եվ այդ ռեսուրսը երկար տարիներ արտահոսում է երկրից՝ վերադառնալով մեծ մասամբ նյութական տուրքի (ներդրումներ, բարեգործություն), բայց ոչ մարդկային կապիտալի տեսքով: 
 
Չեմ կիսում այն կարծիքը, որ հայերի զանգվածային վերադարձի համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ երկրի տնտեսական, քաղաքական, հասարակական կյանքում: Որքան էլ մենք ձգտենք դրան, ինչպիսի հանճարների ձեռքում էլ  լինի երկրի կառավարման ղեկը,  միեւնույնն է՝ մոտ ապագայում Հայաստանի պայմանները (եւ առաջին հերթին տնտեսական) ավելի բարվոք  չեն լինի, քան խոշոր հայկական համայնքներ ունեցող երկրների մեծ մասում: Միշտ էլ կգտնվի մի երկիր, որտեղ կյանքն ավելի հարմարավետ ու ապահով կլինի: 
 
Հայաստանի ապագայի, պատմական ճակատագրի համար պատասխանատվությունը, սեփական արմատների եւ կոչումի որոնումը, գիտակցությունը, որ առանց քեզ, առանց քո ձեռքերի եւ ձգտումների, նույնիսկ առանց քո ուղղակի ֆիզիկական ներկայության այս հողի վրա, մեր երկիրը չի կարող հաղթել ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ոչ տնտեսական մրցակցության մեջ, չի կարող պատասխանել գլոբալ աշխարհի մարտահրավերներին՝ ահա սա պետք է լինի հայրենադարձության շարժիչ ուժը: 
 
Եթե, իհարկե կա այս հարցի պատասխանը՝ հայրենադարձությունն արդյոք պե՞տք է Հայաստանին եւ հայերին: 
 
Տիգրան Հակոբյանը Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից